ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր

Հունվարի 24-25-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն աշխատանքային այցով մեկնել էր Ստրասբուրգ, Ֆրանսիայի Հանրապետություն ՄԻԵԴ-ի 2019թ. դատական տարվա բացմանը նվիրված հանդիսավոր նիստին և «Ամրապնդելով դատական իշխանության հանդեպ վստահությունը» խորագրով բարձրաստիճան աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակներում Լիազոր ներկայացուցիչը մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել ՄԻԵԴ-ի և ԵԽ պաշտոնատար անձանց հետ:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Պատրիկ Թիթյունի, ՄԻԵԴ-ի քարտուղար Ռոդերիկ Լիդդելլի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի Առաջին բաժանմունքի նախագահ, դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի հետ հանդիպումների շրաջանակներում քննարկվել են ՄԻԵԴ-ի աշխատանքային նոր մեթոդները և դրանցով պայմանավորված ակնկալվող մարտահրավերները: Նշված հանդիպումներին մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը: Ռ. Լիդդելլի հետ հանդիպման ընթացքում Լիազոր ներկայացուցիչը հատուկ ընդգծել է մի շարք գործերի և, հատկապես, Գուրգեն Մարգարյանի գործով սպասվող վճռի կարևորությունը Հայաստանի համար:

ՄԻԵԴ-ի Առաջին բաժանմունքի քարտուղար Աբել Կամպոսի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՄԻԵԴ փոխհարաբերություններին առնչվող առանցքային հարցերը և համագործակցության նոր ձևաչափերը՝ միտված վերջինիս արդյունավետության բարձրացմանը: Հանդիպմանը մասնակցել են Առաջին բաժանմունքի քարտուղարի տեղակալ Ռենատա Դեգեները և բաժանմունքի իրավաբանները: Զրուցակիցներն ընդգծել են ՄԻԵԴ ներկայացված գանգատների վերաբերյալ բարեկամական կարգավորումների և միակողմանի հայտարարությունների մշակույթի խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կարևորությունը, որը կարող է դրականորեն ազդել ՄԻԵԴ-ում գանգատների քննության ժամկետների կրճատման վրա:

Լիազոր ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջակումոպուլոսի, ինչպես նաև Մարդու իրավունքների տնօրինության ներկայացուցիչներ Քրիստոֆ Փուաղելի, Ֆրեդերիկ Սոնդբերգի և Քլեր Օվիի հետ: Հանդիպումների օրակարգում են եղել Եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարման ընթացքին առնչվող հարցերը: Հատուկ անդրադարձ է կատարվել «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» առանցքային կարևորության վճռի կատարմանը: ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը հատկապես ընդգծել է այս վճռի առանձնահատուկ և եզակի բնույթը՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման համատեքստում, ինչպես նաև դրա կատարմանն առնչվող իրավական և քաղաքական հարցերի բարդությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ այս և մի շարք այլ վճիռների արդյունավետ կատարման ուղիների մշակման նպատակով:

Հիշեցնենք, որ երկօրյա այցի շրջանակներում Լիազոր ներկայացուցիչը ներկա է գտնվել նաև ՄԻԵԴ-ի 2019թ. դատական տարվա բացմանը նվիրված հանդիսավոր նիստին և «Ամրապնդելով դատական իշխանության հանդեպ վստահությունը» խորագրով բարձրաստիճան աշխատաժողովին, որոնց մասնակցել են ՄԻԵԴ-ում ԵԽ անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչները, ՄԻԵԴ-ի և անդամ պետությունների բարձրագույն դատական ատյանների նախագահներ, դատավորներ, դեսպաններ, ԵԽ և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: