ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

                                  ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾ

Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/21/17)

Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին: Աղբահանության ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա: 

                               

  ԱՎԱՐՏՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

 

           Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/18/28)

 

Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2018 թվականի օգոստոսի 3-ին: Երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև 2012թ․ կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։ 2023 թվականի հունվարի 20-ին արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է հայցվորների պահանջները և պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար: 

 

                      Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ  Հայաստանի Հանրապետության (ARB/17/36)

 

Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին: Անշարժ գույքի ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա՝ «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարգավորելու նպատակով: 2021 թվականի դեկտեմբերի 15-ին արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Տրիբունալը գտել է, որ Էդմոնդ Խուդյանի առնչությամբ տրիբունալի ratione personae իրավազորությունը բացակայում է, քանի որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ինչ վերաբերում է «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությանը, ապա այդ դեպքում էլ բացակայում է տրիբունալի ratione materiae իրավազորությունը՝ ներդրումներ չկատարված լինելու հիմքով: Այդպիսով, տրիբունալը մերժել է Հայցվորների պահանջներն ամբողջությամբ՝ իրավազորության բացակայության հիմքով, և պարտավորեցրել վերջիններին Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում: 

 

                    «Թի էս ինվեստմենթ քորփորեյշն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության

 

Անվադողերի արտադրության ոլորտում ներդրումների առնչությամբ արբիտրաժային գործը մուտքագրվել է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան ներդրումային պայմանագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա: Արբիտրաժային վճիռը կայացվել է ի շահ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի օգոստոսի 18-ին:

 

                     «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

 

2007 թվականին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ծագել է ներդրումային վեճ, որը մուտքագրվել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Վեճի առարկան «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ին հանքի շահագործման թույլտվության հարցում մերժելն էր (կազմակերպությունն ուներ երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, որից հետո պետք է ստանալ հանքի շահագործման թույլտվություն), ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվության ժամկետի երկարաձգումը։ Ներդրումային վեճի շրջանակներում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականին կնքվել է հաշտության համաձայնություն։ 

                         

                                   

                                                        ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ   

                          Էդմոնդ Խուդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/17/36)

Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կայացված արբիտրաժային տրիբունալի վճիռը մասնակիորեն չեղարկելու պահանջ է ներկայացվել Էդմոնդ Խուդյանի կողմից: Ներկա պահի դրությամբ չեղարկման վարույթը գտնվում է ընթացիկ փուլում:

 

                   «Թի էս ինվեստմենթ քորփորեյշն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության

 

Ի շահ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի օգոստոս ամսին կայացված վճիռը չեղարկելու կապակցությամբ «Թի էս ինվեստմենթ քորփորեյշն»-ը նախաձեռնել է համապատասխան վարույթ, որի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա չէ:

 

 

                                        ԸՆԹԱՑԻԿ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾ

 

       Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն ընկերության (UNC 190/HBH)

Սույն գործով վեճը ծագել է Հայաստանի Հանրապետության տարածքում (ավտո)ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների առնչությամբ ընկերության և ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված պայմանագրի ներքո: Գործով միջազգային առևտրային արբիտրաժային ad hoc վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին այն բանից հետո, երբ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին ընկերությունը ետ է վերցրել իր 2019 թվականի հունվարի 24-ի արբիտրաժային ծանուցումը և դատական վարույթ նախաձեռնել Մադրիդի թիվ 1 առևտրային դատարանում: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության մասնակցությամբ զուգահեռ ընթանում են միջազգային արբիտրաժային և դատական վարույթներ։    

Մուտք

Չունե՞ք հաշիվ: