ՄԻԵԴ-ը հրապարակել է 6 նոր վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի փետրվարի 14-ին հրապարակել է «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 54769/10), «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 6818/10), «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 5444/10), «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 4178/10), «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 65124/09) և «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 4413/10) վճիռները, որոնցով արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:

Սույն գործերով դիմումատուները Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներ են: Նրանք այս գյուղերում գտնվող վարելահողերի սեփականատերեր են եղել, որոնք հասարակության և պետության կարիքների համար օտարվել են հանքարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով:

Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուները պնդել են, որ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը հանդիսացել է իրենց եկամտի միակ աղբյուրը և օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել:

Ներպետական դատարանները դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը: Հաշվի չի առնվել նաև նրանց` ապրուստի միջոցներից զրկելու հետևանքով պատճառված իրական վնասը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք ի վիճակի էին այդ տարածքում նոր հողատարածք գնել:

Նշվածի լույսի ներքո Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումն իրականացվել է Կոնվենցիայի երաշխիքների խախտմամբ:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներին վճարել 10 400 եվրո, «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին վճարել 17 200 եվրո, «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներին վճարել 8 600 եվրո, «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներին վճարել 14 000 եվրո, «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներին վճարել 14 000 եվրո, «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին վճարել 5 200 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: