ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

2018թ. սեպտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Կոմիտեի կազմով, հրապարակել է «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը (գանգատ թիվ 14078/12):

Գործը վերաբերում է 2010 թվականին դիմումատուի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Վրաստան հարստացված ուրան տեղափոխելու դեպքի առթիվ իրականցված քրեական գործի վարույթին: Մաքսանենգներից երկուսը հետապնդվել և դատապարտվել են Վրաստանում, մինչդեռ դիմումատուն ձերբակալվել, մեղադրվել և դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ հիմք ընդունելով, ըստ էության, նրա հանցակիցների կողմից Վրաստանի իշխանություններին տրված ցուցմունքները: Դատավարության ընթացքում դիմումատուն պահանջել է, որ իր դեմ ցուցմունք տված անձինք բերվեն Հայաստանում գործը քննող դատարան, որպեսզի ինքը հնարավորություն ունենա հարցաքննել վերջիններիս: Այնուամենյանիվ, Վրաստանի իշխանությունները մերժել են սույն պահանջն այդ փուլում կատարելը, որովհետև նրանց ազատությունից դատապարտման հարցը դեռևս ենթակա էր վճռաբեկության կարգով վերանայման: Դիմումատուն մեղավոր է ճանաչվել 2011 թվականին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել այս որոշումը չանդրադառնալով վերջինիս կողմից բարձրաձայնված հարցին առ այն, որ ինքը հնարավորություն չի ունեցել հակընդդեմ հարցման ենթարկել մաքսանենգներին: Նրա ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Դատարանը նշում է, որ սույն գործով պետությունը ոչ նախաքննության, ոչ էլ դատական քննության փուլում չի կարողացել երաշխավորել դիմումատուի կողմից իր դեմ ցուցմունք տված վկաների ցուցմունքները վիճարկելու իրավունքի իրացումը:  Այսպիսով, Դատարանը արձանագրել է, որ սույն գործով խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը: Հետևաբար, տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

Դիմումատուն պահանջել է 90000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 9200 եվրո՝ որպես  Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Կառավարության առարկությունների արդյունքում Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 2400 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և ողջամիտ է համարել շնորհել նրան 1000 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: