ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

2019 թվականի հունվարի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 35443/13) գանգատի վերաբերյալ վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

2011թ. դիմումատուն ներպետական դատարաններում վիճարկել էր իրեն աշխատանքից ազատելու մասին Բրիտանական խորհրդի որոշումը՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատանքում:

2012թ. առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Մ.-ն մերժել էր դիմումատուի պահանջը՝ համարելով, որ նրան աշխատանքից ազատելը եղել էր օրինական:

Առաջին ատյանի դատարանում վարույթի ավարտից հետո պարզվել էր, որ դատավոր Ա.Մ.-ն և պատասխանող կողմի ներկայացուցիչները սերտ ազգակցական կապ էին ունեցել:

Դիմումատուն գանագատ էր ներկայացրել Եվրոպական դատարան, պնդելով, որ իր գործի քննությունը չի իրականացվել անաչառ դատարանի կողմից, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով՝ հաշվի առնելով, որ դատավոր Ա.Մ.-ն սերտ ազգակցական կապ է ունեցել պատասխանող կողմի ներկայացուցիչների հետ:

Եվրոպական դատարանը նշել է՝ երբ առաջանում է իրավիճակ, որը կարող է կասկած հարուցել տվյալ գործով դատավորի անաչառության վերաբերյալ կամ հանգեցնել դրա մասին ենթադրությունների, այն պետք է բացահայտվի և գնահատվի դատավարության սկզբում՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ որոշելու համար, թե արդյոք դատավորի ինքնաբացարկը տվյալ իրավիճակում  անհրաժեշտ է, թե ոչ: Քննարկվող գործով  այդպիսի բացահայտում չի եղել :

Ոստի, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննությանը դատավոր Ա.Մ.-ի մասնակցության հետևանքով վարույթը անաչառ չի եղել, իսկ բողոքարկման ժամանակ այս թերությունը չի վերացվել: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Դիմումատուն պահանջել է 62.700 եվրո փոխհատուցում նյութական վնասի, 19.000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի և 6.280 եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 3,600 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: