ՄԻԵԴ-ը հրապարակել է «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի մայիսի 23-ին հրապարակել է «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 57129/10) վճիռը, որով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների խախտում:

Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դիմումատուի որդու սպանությանը: Մասնավորապես դիմումատուի որդին մահացել էր գլխին ստացած հրազենային վնասվածքից: Սպան, որը նախկինում մի քանի անգամ ենթարկվել էր կարգապահական պատասխանատվությունների, խոստովանել էր իր կողմից դիմումատուի որդուն վնասվածքը հասցնելու փաստը և 2009 թվականին դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Քրեական գործի քննության շրջանակներում ներպետական դատարանները մերժել էին դիմումատուի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրությունը չէր նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու հնարավորություն:

Եվրոպական դատարանը, հաշվի առնելով դիմումատուի որդու մահվան առնչությամբ ներպետական դատարանի կայացրած դատական ակտը, այն համարել է պետության կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման փաստի ընդունում և սույն գործով հարկ չի համարել իրավական գնահատական տալ փաստական հանգամանքներին՝ արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում:

Անդրադառնալով Կոնվենցիայի 13-րդ հոդվածին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրության՝ ոչ նյութական վնասի հատուցում ստանալու հնարավորություն չնախատեսելը խախտել է դիմումատուի՝ սույն հոդվածով նախատեսված  արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 15000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: