2023թ. ապրիլի 28-ին Երևանում Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը։ Ծրագրի շրջանակներում կտրամադրվի օրենսդրական, մեթոդաբանական և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից բխող ընդհանուր միջոցների կատարմանը նպաստելու համար ։Ծրագրի գործողությունները համահունչ են և նպատակ ունեն աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության 2020-2025 թվականների Ազգային ռազմավարության և ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության որոշ գերակայությունների իրականացմանը:
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել հետևյալ արդյունքների.
- Մինչդատական վարույթում կալանքի կիրառման պրակտիկան, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող գործերի արդյունավետ քննությանը վերաբերող ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կբարելավվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:
- Ներպետական դատարանների դատական ակտերի կատարումը կբարելավվի՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերը կբարելավվեն և ավելի համակարգված կլինեն:
Մեկնարկային միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 50 ներկայացուցիչներ Ծրագրի գործընկեր և շահառու կառույցներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ Վճռաբեկ դատարանից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Արդարադատության նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից, Գլխավոր դատախազությունից, Արդարադատության ակադեմիայից, Քննչական կոմիտեից, Փաստաբանների պալատից և այլ կառույցներից։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: