Գևորգ Կոստանյան. «Եվրոպական դատարանի վճիռները ընդդեմ կամ հօգուտ պետության չեն»

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո, Հայաստանի դատական եռաստիճան համակարգի կայացրած վճիռներից դժգոհ ՀՀ քաղաքացիները Եվրոպական դատարանում բողոքարկելու հնարավորություն ստացան: Յուրաքանչյուր անարդար ու անօրինական վճիռ ոչ միայն վարկաբեկում է մեր երկիրը, այլեւ հսկայական դրամական տուգանքները միջոցներ են խլում պետբյուջեից, ասել է թե՝ շարքային քաղաքացուց, ով, փաստորեն, իր գրպանից է վճարում թերուս կամ կաշառված դատավորի կայացրած սխալ վճռի համար:

Զրույցը ՀՀ նախագահի օգնական, Եվրադատարանում մեր պետության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ՝ անդրադարձ է ՀՀ դատական համակարգ — Եվրադատարան աշխատանքին։

Պրն  Կոստանյան, ինչպիսի  պատասխանատվություն  է նախատեսված այն  պաշտոնատար անձանց  նկատմամբ, որոնց կատարած  խախտումների արդյունքում  եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռներ է կայացնում:

— Հարցը ՀՀ օրենսդրությամբ կարգավորված է հստակ եւ սպառիչ: Մոտեցումը հետեւյալն է. եթե եվրոպական դատարանը կայացնում է վճիռ, որով սահմանում է մարդու իրավունքների խախտում, որը տեղի է ունեցել պաշտոնատար անձի գործողությունների կամ անգործության արդյունքում, եւ եթե դրա հետեւանքով պետությանը հասցվել է վնաս, ապա պետությունն իրավասու է դիմել դատարան ընդդեմ տվյալ պաշտոնատար անձի, նրա անձնական գույքից իրեն հասցված վնասը փոխհատուցելու պահանջով: Խոսքը չի վերաբերում բոլոր պաշտոնյաներին. բացառություն են կազմում դատավորները, որովհետեւ դատավորների նկատմամբ նման ֆինանսական պատասխանատվության պահանջը կարող է առաջացնել եւ առաջացնում է ֆինանսական անկախության խախտում, ինչն անընդունելի է, հետեւաբար նման մեխանիզմը դատավորների նկատմամբ կիրառելի չէ: Դատավորների ֆիանանսական փոխհատուցման հարցն առաջ է գալիս միայն այն դեպքում, եթե վերջինիս մեղքն ապացուցված է լինում օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այսինքն, եթե ապացուցվեց, որ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, որով  պետությանը հասցվել է վնաս, այդ դեպքում կարող է խոսք լինել դատավորի գույքային նյութական պատասխանատվության մասին:

Ինչը մեր իրականության մեջ գրեթե չի կիրառվում: Եթե առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով, Վերաքննիչը թողել է անփոփոխ,նույնը Վճռաբեկը որից հետո եվրոպական դատարանը ՀՀ-ին ճանաչել է կոնվենցիան խախտող պետություն եւ խոշոր տուգանք սահմանել: Ըստ Ձեզ ով պետք է պատասխանատվություն կրի’ առաջին, երկրորդ,  թե երրորդ ատյանի դատավորը:

-Դա կոնցեպտուալ  հարց է, որը հիմա էլ քննարկման  առարկա է մեր իրավագիտության մեջ: Նախ յուրաքանչյուր դատարան պետք է կայացնի դատական ակտ, արդարության եւ օբյեկտիվության սկզբունքով, եւ երբեք չառաջնորդվի այն կանխավարկածով, թե ինքը առաջին ատյանի դատարան է, եւ իր սխալը կուղղեն Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները: Այդ կանխավարկածը չի գործում մեր արդարադատության եւ ընդհանրապես արդարադատության համակարգում: Յուրաքնչյուր դատավոր ինքը պատասխանատու է իր կայացրած ակտի համար, եւ խնդիրն այն չէ, թե նրանցից որ մեկը պետք է խիստ կամ նվազ պատասխանատվության ենթարկվի: Խնդիրը հետեւյան է՝ Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ նման մեխանիզմ կիրառելի չէ: Ներկայումս քննարկվում է այն մոտեցումը, թե հնարավո՞ր է վճռաբեկի դատավորին ենթարկել պատասխանատվության, եթե Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է անձի իրավունքի խախտման փաստ ստորադաս դատարանների կողմից, իսկ վճռաբեկը կամ վճիռը թողել է ուժի մեջ կամ ընդհանրապես քննության չի առել: Մյուս երկու դատարանները հավասարաչափ պատասխանատու են:

Կարող եմ օրինակ բերել  Հարությունյանն ընդեմ Հայաստանի  արդարադատության խորհրդի որոշումը, որով նախկին արդարադատության նախարարը դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրեց, եւ առաջին ատյանի ու վերաքննիչի դատավորները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության, այն տարբերությամբ, որ առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ կիրառվեց խիստ նկատողություն՝ 25 տոկոս աշխատավարձի պահումով, իսկ վերաքննիչի դատավորը ենթարկվեց ընդամենը նկատողության: Ես չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված նման սանկցիայի տարբերությունը, բայց իմ կարծիքով դատավորները պիտի հավասարաչափ պատասխանատու լինեն:

Այսօրվա  դրությամբ քանի՞  վճիռ կա ընդեմ  ՀՀ-ի, քանի՞ գործ է լուծվել հաշտությամբ, քանի՞ գանգատ է հաղորդակցվել պետությանը:

— Ես չեմ համարում  կամ չի կարելի համարել, որ  եվրոպական դատարանի վճիռները  ընդդեմ կամ ի օգուտ պետության են: Բոլորն էլ  կոչված են ապահովելու իրավական ապահովման արդյունավետությունը երկրում: Անկախ նրանից տվյալ վճռով կամ որոշմամբ հաստատվել է խախտման փաստ կամ խախտման բացակայություն, այդ վճիռներում պարունակվող մեկնաբանությունները եւ դրսեւորումները շատ կարեւոր են երկրի համար: Անգամ եթե ճանաչվել է խախտում, չի կարելի ասել, թե դա պետության դեմ է:

Կոնկրետ քանի՞ վճիռ է կայացվել:

— Ընդամենը 20 վճիռ  է կայացվել: Ես այս պահին չեմ  կարող ասել, թե քանիսի դեպքում  է ճանաչվել խախտում: Դրանցից  մեկը Եհովայի վկաների գործով հանրահայտ վճիռն է,որն անընդհատ շահարկվում էր: Միջազգային կազմակերպությունների կողմից շարունակ հարցապնդումներ էին լինում, թե ինչու են Եհովայի վկաներին դատապարտում չծառայելու համար, որ դա մարդու իրավունքների խախտում է եւ այլն: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը համարեց, որ խախտում չկա: Երկրորդը Բոջոլյանն ընդդեմ Հայաստանի գործն է, որտեղ վերջինս գտնում էր, որ սահմանափակվել է իր խոսքի ազատության իրավունքը: Ասեմ, որ նա ՀԱԿ -ի կողմից ներկայացված, այսպես կոչված, քաղբանտարկյալների ցուցակում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում, բայց Եվրոպական դատարանը հաստատեց, որ դատապարտումը արդարացված էր, եւ որեւէ խախտում չկար:

Բարեկամական կարգավորմամբ լուծվածները գերազանցո՞ւմ են ոչ բարեկամականին:

— 20 վճիռ կա արդար  դատաքննության խախտման վերաբերյալ: Հարաբերակցությունն այս պահին  ասել չեմ կարող, բայց դրանց  մեջ մտնում են նաեւ բարեկամական  կարգավորմամբ լուծվածները: Օրինակ՝ «Ճղլյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով, երբ հաշտության համաձայնագիր կնքվեց՝ ի դեմս Երեւանի քաղաքապետի ու հաստատվեց դատարանի վճռով:

Գանգատների մասով ի՞նչ կասեք:

— 2002-ից մինչեւ 2009-ի  ապրիլի 23-ը Եվրոպական դատարան  է ներկայացվել 1120 գանգատ, որոնցից 291-ը ի սկզբանե ճանաչվել են անընդունելի: Կառավարության հետ հաղորդակցվել է 105 գործ, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում, դրանցից 5-ն արդեն ճանաչվել են անընդունելի:

Մեր պետության  կողմից եղե՞լ են բողոքարկումներ:

— Իհարկե: Կան դեպքեր, երբ մենք համաձայն չենք Եվրադատարանի վճռի հետ: Կան դեպքեր, որ Եվրոպական դատարանը գործը չի ընդունել վարույթ, երբ պարզաբանել ենք, թե մեր երկրի բոլոր դատական ատյաններով չբղոքարկված գործերով են դիմել Եվրադատարան:

Հարցազրույցը՝ Ռուզան Ավոյանի 

Աղբյուրը՝ http://hra.am/hy/interview/2010/03/14/interview

Մուտք

Չունե՞ք հաշիվ: