ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների ներդրման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համար էական նշանակություն ունի կրթական տարրը։ Պատահական չէ, որ Հայաստանում առանձնակի կարևորություն է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական որակյալ կրթության ու մասնագետների արդյունավետ վերապատրաստման ապահովումը: Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ոլորտում մասնագետների թիրախային կրթության ու վերապատրաստման վրա և միջոցներ ձեռնարկում համապատասխան առարկայական ծրագրերի կատարելագործման ուղղությամբ։

Այս առումով, Հայաստանում նորովի է արժևորվել դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների մասնագիտական կրթությունը և գործող դատավոների, դատախազների, քննիչների վերապատրաստումը։ 2013 թվականի սեպտեմբերին հիմնադրվեց ՀՀ արդարադատության ակադեմիան, որի հիմնական նպատակներից են նշված մասնագետների մոտ ձևավորել անհրաժեշտ հմտություններ, ընդլայնել նրանց մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակությունները։ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրման նպատակով՝ Արդարադատության ակադեմիայում հատուկ ուշադրություն է դարձվում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի դասավանդմանը։ Մշակվել են մի շարք առարկայական կուրսերի ծրագրեր, որոնց շրջանակներում մասնագետներին ներկայացվում են զարգացող նախադեպային իրավունքը և, հատկապես, Հայաստանի վերաբերյալ վճիռներում Եվրոպական դատարանի դիրքորոշումները։ Դա չափազանց կարևոր է Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճիռների արդյունավետ կատարման համար։

Միաժամանակ, Հայաստանում շարունակաբար անցկացվում են Եվրոպական կոնվենցիայով նախատեսված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների գործադրմանը վերաբերող մասնագիտական դասընթացներ և աշխատաժողովներ, որոնց մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցների պահանջների կատարման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ՀՀ ոստիկանության մասնագետների կրթությանը և թիրախային վերապատրաստմանը։ ՀՀ ոստիկանության հետ Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության արդյունավետ համագործակցության շրջանակում՝ Ոստիկանության կրթահամալիրում ներկայում դասավանդվում են «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշները» ու «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռները» թեմաները, որոնք ընդգրկված են «Մարդու իրավունքները և ոստիկանությունը» առարկայական դասընթացում։ Բացի դրանից, «ՀՀ քրեակատարողական իրավունք» առարկայական դասընթացի շրջանակում դասավանդվում է «Ուղղիչ հիմնարկների կանոնակարգն ու նրա ապահովման միջոցները» թեման, որի ժամանակ հատկապես ուսումնասիրվում են քրեակատարողական հիմնարկներում կարճաժամկետ պահելու ընթացքում առանձին կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերը։

Մասնագետների արդյունավետ վերապատրաստման գործում հատկանշական է նաև ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտի դերը։ Ինստիտուտում դասավանդվող վերապատրաստման ծրագրերի միջոցով ոչ միայն դասավանդվում է Եվրոպական դատարանի զարգացող նախադեպային իրավունքը, այլև ուսումնասիրվում են Հայաստանի վերաբերյալ կոնկրետ վճիռներով արձանագրված՝ ուղղիչ հիմնարկներում կամ ներպետական դատական ակտերի կատարման ընթացքում նախկինում կատարված խախտումների վերաբերյալ Եվրոպական դատարանի դիրքորոշումները։ Դա չափազանց կարևոր է վճիռների արդյունավետ կատարման և հետագա իրավախախտումների կանխարգելման համար՝ հատկապես նկատի ունենալով, որ Իրավաբանական ինստիտուտում վերապատրաստվում են քրեակատարողական ծառայության և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնագետները։

Մուտք

Չունե՞ք հաշիվ: