Ակնհայտ ապօրինի, բեմականացված դատավարություն. Եղիշե Կիրակոսյանը՝ առևանգված հայերին դատելու մասին

Հայաստանի ինքնիշխան տարածքից մայիսի 26-ին առևանգած երկու հայ զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, Ադրբեջանը մեղադրում է սահմանն ապօրինի հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության համար: Սումգայիթում մեկնարկել է նրանց դատավարությունը: Զինծառայողներն առևանգվել էին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր մարտական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի վրա։

Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) — Դրա հետ կապված որոշակի հարցադրումներ կներկայացնենք դատարանին, որ պարզաբանենք դատավարության ընթացքում մեր դիտարկած պրոցեսները: Դրանք հերթական ապօրինի դատավարություններն են, որ իրականացվել էին դեռևս 2020-ին մեր հայրենակիցների նկատմամբ, վճիռներ էին կայացվել, ակնհայտ ապօրինի բեմականացված դատավարություններ: Կշարունակենք մեր դիրքորոշումները պաշտպանել:

Առևանգման դեպքից անմիջապես հետո Հայաստանը դիմել էր Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու համար: ՄԻԵԴ -ը տեղեկացրել էր, որ 2 հայ զինծառայողի նկատմամբ ևս գործում են դեռ 2020-ին կիրառված միջանկյալ միջոցները, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո գերիների իրավունքների պաշտպանությանը: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական 2-րդ գանգատը վերաբերում է գերիների ապօրինի դատավարություններին, անձանց իրավունքների խախտումներին, ազատությունից ապօրինի զրկելուն:

Եղիշե Կիրակոսյան — 6,5 հոդվածներն են Եվրոպական կոնվենցիայի, նոր գերեվարված անձանց դեպքն էլ ի հավելումն նախկինում ներկայացված դեպքերի է, և սրա հետ կապված պետք է աշխատենք: Պահանջ ներկայացրել ենք այդ գանգատի շրջանակում:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԴԻՄՈՒՄԻՆ

Եղիշե Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով Եվրոպական դատարան ներկայացված Հայաստանի դիմումին: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հունվարին Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ: Իսկ այդ որոշմամբ՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բուժօգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, նաև ճանապարհին անօթևան մնացած անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին Հայաստանի դիմումին պատասխանելու համար ժամանակ էր տվել մինչև հունիսի 30-ը: Հայաստանն այժմ ուսումնասիրում է փաստաթուղթը:

Եղիշե Կիրակոսյան — Մինչև հուլիսի 10-ը ժամանակ է ֆիքսել, որ Հայաստանը ներկայացնի դիրքորոշում: Պահանջել ենք, որ ծանուցի ԵԽ նախարարների կոմիտեին որոշման չկատարման հարցը, որ բարձրացվի հարց, նորից քննարկման առարկա դառնա: Մեր պատասխանի մեջ դիտարկումները կներառենք, նոր դատարանը որոշում կկայացնի:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հունիսի 30-ին ևս մեկ նամակ է ուղարկել ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան՝ ներկայացնելով վերջին զարգացումների, Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած ու հումանիտար օրեցօր սրացող իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ:

Եղիշե Կիրակոսյան — Խնդրել ենք դատարանին՝ հնարավորինս արագ որոշում կայացնել, որովհետև վիճակն օրհասական է: Ակնկալում ենք դատարանի որոշում, հուսով ենք շուտով, արդեն բավականին ժամանակ է անցել, հուսով եմ՝ շուտով կտեսնենք դատարանի որոշում` վառելիքի հետ կապված, էներգետիկ ճգնաժամ, սննդի ճգնաժամ, դեղեր, հիվանդներ, դրա համար ակնկալում ենք, որ փոխի միջոցները, կոնկրետացնի, որ հստակ լինի Ադրբեջանի պարտավորությունը:

Մայիսին էլ Հայաստանը դիմել էր ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով փոխել ու լրացնել Լաչինի միջանցքի արգելափակման հայցով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ փետրվարի 22-ի որոշումը: Նոր հայցով պահանջն էր որոշման մեջ ներառել նաև անցակետի փաստը:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: