2018 թվականի հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Պապոյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 7205/11 ) գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդարադատության մատչելիության իրավունք) և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականությունից անարգել օգտվելու իրավունք) խախտում:
Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իր օգտին կայացված Վարչական դատարանի դատական ակտը կատարելու համար պատճառաբանելով, որ դիմումատուին առաջարկել են երեք այլ հողատարածք, որը նրա կողմից մերժվել է:
Արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված երաշխիքների պահպանությունն ամբողջ ծավալով, քանի որ շարունակաբար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել կայացված դատական ակտը կատարելու համար:
Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 3,600 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: