2024 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն
ընդդեմ Հայաստանի, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, Գուլյանն ընդդեմ Հայաստանի, ինչպես նաև
Ենգիբարյանը և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների կատարողական-վերահսկողական
վարույթները։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խումբ
գործերով, ի թիվս այլնի, արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
խոշտանգումներն արգելող 3-րդ հոդվածի (թե՛ դատավարական, թե՛ նյութական բաղադրիչների մասով)
խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են ոստիկանական բաժանմունքներում դիմումատուների
նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերին և նշված դեպքերի ոչ պատշաճ արձանագրմանը
և հետագա քննությանը:
Նախարարների կոմիտեն 2024 թվականի դեկտեմբերի 3-ի բանաձևով արձանագրել է կարևոր
առաջընթաց, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության՝ ոստիկանության կողմից վատ
վերաբերմունքի և անարդյունավետ քննությունների դեմ պայքարի ոլորտում ձեռնարկված մի շարք
միջոցառումների արդյունքում։
Մասնավորապես, Նախարարների կոմիտեն դրական է գնահատել հետևյալ միջոցառումների
իրականացումը.
1. նոր Քրեական օրենսգրքի և նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, որոնցով
արգելվեց ներում, համաներում և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական
պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտների կիրառումը խոշտանգում կատարած անձանց
նկատմամբ.
2. վատ վերաբերմունքի դեմ երաշխիքների ուժեղացումը.
3. քննչական գործողությունների ընթացքում տեսաձայնագրում իրականացնելը և ոստիկանության
բաժինների մուտքի և ելքի կետերում տեսահսկում իրականացնելու պարտավորությունը
4. վատ վերաբերմունքի հիմքում ընկած քաղաքական այլ հայացքների դրդապատճառը քննելու համար
ձեռնարկված օրենսդրական և գործնական միջոցները.
5. քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի արձանագրման ձևերի ընդունումը.
6. այլ միջոցառումները՝ ուղղված ոստիկանության ոլորտի բարեփոխմանը ոստիկանության
ծառայողների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև նրանց
մասնագիտական կրթության վերանայմանը, ինչպես նաև.
7. ոստիկանության համապարփակ բարեփոխումները, քննչական մարմինների կարողությունների
շարունակական զարգացումը և ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի դեպքերի
արձանագրման և անանուն հաղորդում ներկայացնելու համակարգի ընդլայնումը:
Վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերի, ինչպես նաև նշված դեպքերի ոչ պատշաճ արձանագրման և
քննության հետ կապված բարեփոխումները շարունակելու են լինել Նախարարների կոմիտեի ուշադրության
կենտրոնում Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերի կատարողական-
վերահսկողական վարույթի շրջանակում։