ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի գործունեության կարևորագույն մաս է կազմում Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և, ընդհանրապես, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման ապահովումը: Այս առումով, ներկայացուցչի կողմից նախաձեռնվել են մեր երկրի օրենսդրական համակարգի կատարելագործմանն ուղղված հիմնարար փոփոխություններ: Այդ փոփոխությունները վերաբերում են, օրինակ, սեփականության իրավունքի պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը և մի շարք այլ հիմնարար խնդիրների լուծմանը, որոնց ընդունումը հնարավորություն է տվել ապահովել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների լիարժեք կատարում:

Ստորև բերված են հակիրճ տեղեկություններ այդ փոփոխությունների վերաբերյալ:

1.

 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ընդունումը նշանավորվեց օրենսդրական համակարգում օրենսդրական բարեփոխումների կատարմամբ, որոնք նպատակ ունեին համապատասխանեցնել ներպետական օրենսդրությունը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերի այն բոլոր նորմերը, որոնք մինչ այդ հիմք էին ծառայել Երևանի «Կենտրոն» համայնքում պետական կարիքների համար հողամասերը և դրանց վրա գտնվող անշարժ գույքը սեփականատերերից վերցնելու համար, ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը հակասող: Բացի այդ, «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան դիմումատուներին սեփականության և օգտագործման իրավունքներով պատկանող գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից որևէ օրենք չի ընդունվել, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով, և գույքի օտարման ողջ գործընթացը` ներառյալ փոխհատուցման չափը որոշելու կարգը, կարգավորվել է ՀՀ Կառավարության որոշումներով:

  Այդ բացերը լրացնելու նպատակով 2006 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվեց «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, որը սեփականության օտարման համար բովանդակում է հստակ իրավական կարգավորում: Նշված օրենքը կարգավորում է սեփականության օտարման ողջ ընթացակարգը՝ սեփականության իրավունքի պաշտպանության համար սահմանելով կանխատեսելի, հստակ և ճշգրիտ իրավական հիմքեր: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր դեպքում ձեռքբերվող սեփականությունը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելով՝ պետությունը պետք է հիմնավորի, որ այդ շահը օտարվող սեփականության սեփականատերերի շահից գերակայող է և նպատակի իրագործումն անհնար է առանց կոնկրետ սեփականության ձեռքբերման: Oրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

  Միաժամանակ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներով սահմանվում է, որ հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը գույքային իրավունքներ ունեցողներ են համարվում նաև բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ դատարանի վճռով բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձինք: Համապատասխանաբար, նշված օրենքը տարածվում է նաև գույքի օգտագործման իրավունքի վրա:

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին ՀՀ օրենք

2.

  2000 թվականի հունիսի 28-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց թիվ 221 կարծիքը, որով Հայաստանի Հանրապետությանը հրավիրեց անդամակցելու Եվրոպայի խորհրդին պայմանով, որպեսզի սահմանված ժամկետներում իրականացվեն մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենք և, միևնույն ժամանակ, ներում շնորհել կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց:

  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» և «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» գործերով գտավ, որ զորակոչից խուսափելու համար դիմումատուների դատապարտումը Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կրոնի ազատության իրավունքին ոչ իրավաչափ միջամտություն է: Անձի այդ իրավունքը երաշխավորելու և նշված վճիռները կատարելու նպատակով 2013 թվականի մայիսի 2‑ին ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում այլընտրանքային աշխատանքային ծառայությունն ամբողջությամբ նոր բովանդակություն ձեռք բերեց: Մասնավորապես, այդ օրենքը երաշխավորում է եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայություն, որն ունի աշխատանքային (քաղաքացիական) բնույթ և որևէ կերպ չի առնչվում զինվորական ծառայության հետ: Կատարված փոփոխություններով հստակեցվեցին այլընտրանքային ծառայության անցնելու հիմքերը` սահմանելով, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը: Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվեց, որ աշխատանքային ծառայությունն ազատ է ցանկացած զինվորական կառույցի վերահսկողությունից: Էական փոփոխությունների են ենթարկվել նաև օրենքի  17-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու կարգը և այլընտրանքային աշխատանքային ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Այսպես, վերացվել են այլընտրանքային աշխատանքային ծառայողի լրիվ զբաղվածության, սննդով, սահմանված ձևի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովելու, ծառայության վայրում շուրջօրյա գտնվելու, ծառայության ընթացքում այլ գործունեությամբ զբաղվելու արգելքի, «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ծառայողի հանգստի և ընտանիքի անդամների հետ նրա տեսակցությունները կազմակերպելու մասին պահանջները:

  2013 թվականի մայիսի 2-ին ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն` կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով պատասխանատվություն կրող անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը կարող էին դիմում ներկայացնել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և լիազորված մարմինը պարտավոր էր որոշում կայացնել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Նման դեպքերում դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը պետք է կարճվեին և քրեական հետապնդումն այդ անձանց նկատմամբ պետք է դադարեցվեր: 2013-2014 թվականների ընթացքում այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քննվել է 134 դիմում, որոնցից ընդամենը մեկն է մերժվել հանձնաժողովին ոչ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու պատճառով: Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու վերաբերյալ մնացած բոլոր 133 դիմումները բավարարվել են: Ընդ որում, հանձնաժողովը քննել է նաև այն դիմումները, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետի խախտմամբ:

  Վերոնշյալ փոփոխությունները և դրանց կիրառման պրակտիկան բարձր գնահատականի են արժանացել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի և մի շարք այլ կառույցների, ինչպես նաև Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության կողմից: Արդյունքում, նշված վճիռների կատարողական վարույթները Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից փակվեցին՝ Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների պահանջներն ամբողջությամբ կատարված լինելու պատճառաբանությամբ:

Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենք

3.

  2014 թվականին Հայաստանում ամրագրում ստացավ ոչ նյութական վնասի նյութական հատուցման կառուցակարգը, որը չափազանց կարևոր էր Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման առումով:

  2002 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Եվրոպական կոնվենցիան, պարտավորվել է իր տարածքում երաշխավորել Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»: Այս դրույթն իմպերատիվ կերպով պարտավորեցնում է Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետությանը ներպետական օրենսդրությամբ ամրագրել փոխհատուցման իրավունքը՝ անօրինական ձերբակալման կամ կալանավորման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար: Ավելին, ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի սահմանման անհրաժեշտության մասին է նշվել նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռում: Մասնավորապես, «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների բացակայությունը, որի հետևանքով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված երաշխիքների խախտման արդյունքում տառապանք կրած անձը զրկվում է նման փոխհատուցում ստանալու հնարավորությունից, ինքնին 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Հետևաբար ներպետական օրենսդրությամբ պետք է նախատեսվի նման հնարավորություն: 

  Հատկանշական է, որ Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից օգտվելու հնարավորությունը կարևոր պայման է նաև դրա 13-րդ հոդվածով սահմանված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի երաշխավորման համար: Այդ մասին են վկայում Եվրոպական դատարանի՝ տարբեր վճիռներում արտահայտված դիրքորոշումները: Այս դիրքորոշումն արտահայտվել է նաև «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում, որտեղ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Եվրոպական կոնվենցիայի առավել հիմնարար դրույթներ հանդիսացող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման դեպքում խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի իրավական պաշտպանության հնարավոր միջոցների շարքում»: Այն միաժամանակ եզրահանգել է, որ դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար: Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման հատուցում չէր նախատեսում, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից և, հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:

  2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետությունում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի սահմանմանը: Ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի ամրագրմամբ, ապահովվում է     Եվրոպական կոնվենցիան վավերացնելու արդյունքում ստանձնած պարտավորության կատարումը, իսկ քաղաքացիների համար հնարավորություն է տրվում կոնկրետ դեպքերում ստանալու հատուցում՝ ոչ նյութական վնասի համար:

  Մասնավորապես, նշված օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ դեպքերի վրա`

    1) իրավասու պետական մարմինների կողմից քաղաքացուն խոշտանգման ենթարկելը կամ անիրավաչափորեն կյանքից զրկելը,

    2) ենթադրաբար պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության արդյունքում կյանքից զրկված անձի մահվան կամ ենթադրյալ խոշտանգման փաստի առթիվ պատշաճ քննություն չիրականացնելը,

    3) անձին ազատությունից անիրավաչափորեն զրկելը,

    4) նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով դատապարտյալի արդարացումը (բացառությամբ` եթե դատապարտումը ամբողջովին կամ մասնակիորեն տեղի է ունեցել դատապարտյալի մեղքով, օրինակ` ինքնախոստովանական ցուցմունքի հետևանքով):

  Ոչ նյութական վնասի հատուցման անհրաժեշտ պայման է համարվում Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման փաստի դատական հաստատումը:

  Բացի այդ, ամփոփման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուղղված է լրացնելու մեր երկրում ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը՝ այն համահունչ դարձնելով Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, ինչի արդյունքում կապահովվի նաև Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռների առավել ամբողջական կատարումը:

Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը (հատված ՀՀ քաղաքացիական օրենսգրքից)

4.

  ՀՀ Ազգային ժողովը 2015 թվականի հունիսի 9-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքները: Նշված օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» 1984թ. դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի կոնվենցիայի և ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու կարևորությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով: Հայաստանի վերաբերյալ մի շարք վճիռներում (օրինակ՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» և «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործերով) Եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ըստ այդմ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

  «Խոշտանգման» վերաբերյալ կոնվենցիոն դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ օրենսդրության կարգավորումները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին, մասնավորապես՝

  1) հանցակազմի հատուկ սուբյեկտը, այն է` պաշտոնատար անձն իբրև հանցակազմի պարտադիր հատկանիշ սահմանված չէր,
  2) բացակայում էր Կոնվենցիայով պահանջվող կոնկրետ նպատակը,
  3) խոշտանգման դեպքերի կապակցությամբ քրեական գործի հարուցման համար ՀՀ գործող օրենսդրությունը անհրաժեշտ էր համարում տուժողի բողոքի առկայությունը, իսկ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու դեպքում քրեական գործը ենթակա էր կարճման,
  4) «Խոշտանգման» հանցակազմը քրեականացնող իրավանորմը սահմանված էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում:

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով խոշտանգման հանցակազմի իրավական ձևակերպումը փոփոխվել և ամբողջովին համապատասխանեցվել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի առաջին հոդվածին: Ավելին, խոշտանգման համար պատասխանատվություն սահմանող հանցակազմը շարադրվել է այնպես, որ ընդգրկի նաև այն դեպքերը, երբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք է պատճառվում պաշտոնատար անձ չհանդիսացող անձի, այն է՝ մասնավոր սուբյեկտի կողմից:

  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով խոշտանգման դեպքերի համար նախատեսվում է հանրային  մեղադրանքի ռեժիմ, այսինքն քրեական գործ հարուցելու համար տուժողի բողոքը այլևս պարտադիր պայման չէ: Այսպիսի լուծում է տեղ գտել նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Նման իրավակարգավորումը յուրաքանչյուր նման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու լրացուցիչ երաշխիք է:

  Նմանատիպ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ապահովվեց լիարժեք համապատասխանություն խոշտանգման՝ ներպետական օրենսդրությամբ և Կոնվենցիայով սահմանված բնորոշումների միջև: Միաժամանակ, ապահովվեց նաև հանցագործությունների համարժեք որակումը: Նշված իրավակարգավորումը իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա դրեց պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ

Մուտք

Չունե՞ք հաշիվ: