ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարեկամական կարգավորումը եղել է անհաջող, պատասխանող կառավարությունը կարող է հայտարարություն անել և, ճանաչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումը, նախաձեռնել դիմումատուին փոխհատուցման տրամադրում: Վերոնշյալը հայտնի է որպես միակողմանի հայտարարություն և կարգավորվում է Եվրոպական դատարանի կանոնների 62Ա1 կանոնով:

Նման միակողմանի հայտարարությունների օգտագործումը ավելի տարածված է դարձել սկսած 2007 թվականից: 2011 թվականին 692 դիմում է դիտարկվել միակողմանի հայտարարության տեսանկյունից, այն դեպքում, երբ 2007 թվականին դրանք 30 էին: 2010 թվականի փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ապագայի վերաբերյալ Ինտերլակենի կոնֆերանսին ընդգծվել է միակողմանի հայտարարությունների պոտենցիալ դերը հատկապես կրկնվող գործերի բեռնաթափման հարցում:

Եվրոպական դատարանը հստակություն ու հետևողականություն ապահովելու համար այժմ վերանայել է այս ոլորտում իր պրակտիկան և առանձնացրել է հետևյալ հիմնական սկզբունքները:

Չնայած նրան, որ միակողմանի հայտարարությամբ կարող են ավարտվել բոլոր տեսակի գործերը՝ կարևոր կամ բարդ գործերի և մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների դեպքերում արված միակողմանի հայտարարությունները պետք է քննվեն հատուկ խնամքով և ուշադրությամբ՝ Թահսին Աքարն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի սահմանած չափանիշների լույսի ներքո (Թահսին Աքարն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություն) [Մեծ պալատ], դիմում թիվ 26307/95, 2003 թ.-ի մայիսի 6):

Միակողմանի հայտարարությունը սովորաբար ներկայացվում է այն բանից հետո, երբ բարեկամական կարգավորման հասնելու փորձը ձախողվել է, և կարող է նպատակահարմար համարվել գործով վարույթի արդարացի փոխհատուցման փուլում:

Միակողմանի հայտարարությունը պետք է արվի հրապարակային և մրցակցային դատավարության պայմաններում (ի տարբերություն բարեկամական կարգավորման վերաբերյալ գաղտնի բանակցությունների):

Դիմումատուին առաջարկվում է ներկայացնել դիտողություններ, մասնավորապես, բացատրել՝ ինչու Եվրոպական դատարանը պետք է հրաժարվի ընդունել վեճի կարգավորման նպատակով արված հայտարարությունը:

Եթե դիմումատուն համաձայնում է միակողմանի հայտարարության պայմաններին, ապա գործը հանվում է Եվրոպական դատարանի գործերի ցուցակից ինչպես հաշտության ցանկացած այլ դեպքում (Կոնվենցիայի 39-րդ հոդված), և դրա կատարումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից:

Նույնիսկ եթե դիմումատուն ցանկանում է, որ իր դիմումի քննությունը շարունակվի, Եվրոպական դատարանն է որոշում՝ արդյոք դա արդարացված է (Կոնվենցիայի 37-րդ հոդված): Եթե դատարանը եզրակացնում է, որ գործի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ, միակողմանի հայտարարությունը պետք է բավարարի հետևյալ ոչ սպառիչ չափանիշներին.

  • դիմումում բարձրացված հարցի առնչությամբ հաստատուն նախադեպային իրավունքի առկայություն,
  • դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի խախտման փաստի հստակ ճանաչում՝ խախտման բնույթի ուղղակի մատնանշմամբ,
  • Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված արդարացի փոխհատուցման պահանջներին համահունչ բավարար փոխհատուցում,
  • հնարավորության դեպքում ընդհանուր բնույթի միջոցների ձեռնարկում (օրենսդրության կամ պրակտիկայի փոփոխություն, նոր քաղաքականության որդեգորւմ և այլն),
  •  մարդու իրավունքների հարգում. միակողմանի հայտարարությունը դատարանի համար պետք է ապահովի բավարար հիմք արձանագրելու համար, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը չի պահանջում շարունակել դիմումի քննությունը:

Եվրոպական դատարանը միակողմանի հայտարարությունը հաստատում է դիմումը գործերի ցանկից հանելու որոշմամբ կամ վճռով: Եթե ծախսերի և ծախքերի հատուցում չի տրամադրվել, ապա դատարանը կարող է, որպես բացառություն, նման հատուցում տրամադրել՝ դատարանի կանոնների 43-րդ կանոնի 4-րդ մասի համաձայն:

Այն դեպքում, երբ կառավարությունը չի ձեռնարկում սահմանված անհատական միջոցները, դիմումատուն կարող է պահանջել, որ իր դիմումը վերականգնվի Եվրոպական դատարանի կողմից քննության ենթակա գործերի ցուցակում:

Որոշումը ինքնին սկզբունքորեն չի կարող խոչընդոտել դիմումատուին ստանալ ներպետական մակարդակով հասանելի որևէ փոխհատուցում:

Վերջին ժամանակաշրջանում միակողմանի հայտարարություններ են արվել Թոսունյանն ընդդեմ Հայաստանի (դիմում թիվ 36588/13, 2019 թ.-ի դեկտեմբերի 17), Աշոտ Առուշանյանն ընդդեմ Հայաստանի (դիմում թիվ 79501/12, 2020 թ.-ի փետրվարի 25), Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի (դիմում թիվ 18945/10, 2021 թ.-ի դեկտեմբերի 14), Արամ Դավթյանն ընդդեմ Հայաստանի (դիմում թիվ 41320/13, 2021 թ.-ի նոյեմբերի 25) գործերով:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: