Ներպետական մակարդակում գործերի վերաբացման գործնական հարցերը

Հունվարի 24-ին և 25-ին տեղի ունեցավ աշխատաժողով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների, դատական փորձագետների և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։ Այս կարևոր նախաձեռնության նպատակն էր ամրապնդել մասնակիցների գիտելիքները ներպետական մակարդակում գործերի վերաբացման առանձնահատկությունների վերաբերյալ: Աշխատաժողովը հարթակ հանդիսացավ գործերի վերաբացման չափանիշները և ընդհանուր խնդիրները քննարկելու, իրավական որոշակիության և գործերի վերաբացման համատեքստում մյուս սկզբունքների կիրառության, վաղեմության ժամկետներին վերաբերող հարցերը բարձրացնելու, ինչպես նաև բարեկամական կարգավորման կամ միակողմանի հայտարարություն ընդունելու դեպքում դատական պրակտիկայում առկա հնարավոր խոչընդոտները բարձրաձայնելու համար։

Աշխատաժողովը խթանեց փոխգործակցությունը դատական համակարգի և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների միջև: ՄԻԵԴ Վճիռների կատարման վարչության և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քարտուղարության գործընկերները կիսվեցին իրենց փորձով և մտքերի փոխանակման հնարավորություն ունեցան մասնակիցների հետ:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

 

Մուտք

Չունե՞ք հաշիվ: