Ս.թ. մարտի 14-ի որոշմամբ Նախարարների կոմիտեն մտահոգությամբ է արձանագրել, որ վճռի ուժի մեջ մտնելուց մինչ օրս որևէ քայլ Ադրբեջանը չի կատարել դիմումատուների իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ և պարտավորեցրել է մի շարք գործողություններ, որոնք Ադրբեջանը պարտավոր է կատարել մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Մասնավորապես Ադրբեջանը պարտավոր է՝
Որպես անհատական միջոցներ՝
- ամբողջությամբ վճարել դիմումատուների կրած դատական ծախսերը,
- նախագահի պաշտոնական կայքից հեռացնել հանցանք կատարած անձին ներում շնորհելուն և աջակցելուն ուղղված բոլոր նամակները,
- քայլեր ձեռնարկել զբաղեցրած պաշտոնից հանացանք կատարած անձին հեռացնելու ուղղությամբ,
- ներկայացնել իր բացատրությունը հանցանք կատարած անձին տրամադրված այլ արտոնությունների վերաբերյալ, որոնք ներպետական օրենսդրությամբ որևէ հիմք չեն ունեցել
Որպես ընդհանուր միջոցներ՝
- տրամադրել երաշխիքներ՝ ուղղված նմանատիպ խախտումները կանխելուն, ինչպես նաև նման ծանր խախտումների համար պատժից ազատելը բացառելուն
- օրենսդրական փոփոխություններ իրականացնել խտրականության դեմ պայքարի համար և միջոցառումներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև թշնամության վերացմանը
Ադրբեջանին պարտավորեցվել է տեղեկատվություն տրամադրել որոշմամբ արձանագրված բոլոր հարցերի, այդ թվում ներման վերանայման վերաբերյալ, մինչև Նախարարների կոմիտեի 1514-րդ հանդիպումը (2024 թվականի դեկտեմբեր):
Որոշման անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ` https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=0900001680aec0b6
Հիշեցնենք, որ սույն գործը վերաբերում էր Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության և Հայկ Մակուչյանի սպանության փորձի համար նշանակված ցմահ պատիժը Ադրբեջանի կողմից չկատարելուն։ Սաֆարովին ոչ միայն շնորհվել էր ներում, այլև նա արժանացել էր մի շարք պարգևների և արտոնությունների։
Շուրջ երեք տարի Ադրբեջանը չէր ներկայացնում գործողությունների ծրագիր և միայն հայկական կողմի ձեռնարկած քայլերի արդյունքում 2023 թվականի ապրիլին Ադրբեջանը ներկայացրեց գործողությունների ծրագիր։ Նախարարների կոմիտեն նախորդող երկու նիստերի ընթացքում չունեցավ կոնսենսուս Ադրբեջանի գործողությունների ծրագրի և որոշման նախագծի վերաբերյալ՝ գերազանցապես հիմք ընդունելով Հայաստանի ներկայացրած առարկությունները։