Սույն թվականի մարտի 8-ին և 9-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ստրասբուրգում: Այցի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության քարտուղարության գլխավոր քարտուղար Քրիստոս Ջակումոպուլոսը: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ընդգծվեց Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հանդիպումներ ունեցավ նաև ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոթրի և վերջինիս ղեկավարած բաժնի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին ԵԽ – Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Եղիշե Կիրակոսյանը կարևորեց ընթացիկ ծրագրերի դերը մարդու իրավունքների և հատկապես ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում:
ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բաժնի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կատարման փուլում գտնվող մի շարք վճիռների վերաբերյալ ընթացիկ հարցեր և հատուկ ընդգծվեց Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետոթյան բարձրացումը վերջին տարիների ընթացքում:
Եղիշե Կիրակոսյանը հանդիպեց նաև Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրական արդարադատության դեպարտամենտի ղեկավար Շնուց Դուրի հետ: Քննարկվեցին Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հանդիպումներ ունեցավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների և դատարանի իրավախորհրդատու Աննա Օսթինի հետ: Ի թիվս մի շարք հարցերի քննարկվեցին Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության կիրառմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտորեն համագործակցել ՄԻԵԴ-ի իրավաբանությունը ազգային մակարդակում առավել հասանելի դարձնելուն ուղղված նոր գործիքակազմի ներդրման ուղղությամբ: