ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած դիմումն ընդդեմ Ադրբեջանի

2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում միմյանց դեմ քննվող դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ իր որոշումները:

Որոշումներն արտացոլում են Հայաստանի սեպտեմբերի 16-ի դիմումում և հոկտեմբերի 14-ից 19-ը տեղի ունեցած բանավոր լսումների ընթացքում հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը դատարանի կողմից և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը։

Հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանը ապացույցներ էր ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի շարունակական քաղաքականության վերաբերյալ:

Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և ըստ այդմ Ադրբեջանին պարտավորեցրել է՝

  1. բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք 2020թ. հակամարտությամբ պայմանավորված հայտնվել և պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը,
  2. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ և էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից,
  3. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները:

Հատկանշական է, որ դատարանը հիշեցրել է Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցած բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ հայ զինվորների սաղավարտները մշտապես հեռացվել են այսպես կոչված ռազմավարի պուրակից և հետագայում չեն ցուցադրվելու:

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հրատապ միջոցների մեծ մասը մերժելով՝ դատարանը նշել է, որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ առ այն, որ ականների առնչությամբ հայկական կողմի ենթադրյալ վարքագիծն հետապնդում է ազգությամբ և էթնիկ ադրբեջանցիների «իրավունքների ու հիմնարար ազատությունների չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում է նման հետևանքների»: Ավելին, թեև դատարանը Հայաստանին պարտավորեցրել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական ատելության հրահրումը և խթանումը կանխելու համար, այդ թվում՝ անհատների և կազմակերպությունների կողմից», ի տարբերություն Ադրբեջանի նկատմամբ կիրառված նմանատիպ հրատապ միջոցի՝ դատարանը հաստատել է Հայաստանի փաստարկն առ այն, որ Ադրբեջանում հայատյաց հռետորաբանությունը սերում և խրախուսվում է պաշտոնական մակարդակում:

Միևնույն ժամանակ երկու որոշումներում դատարանը պարտադրել է կողմերին զերծ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնք կարող են հանգեցնել դատարանում քննվող վեճի սրմանը կամ երկարաձգմանը` դատարանի համար դժվարացնելով վեճի լուծումը: Այս առնչությամբ հայկական կողմը բազմիցս է նշել, որ հետևողական հայատյաց հռետորաբանությունը, որը բացահայտորեն արտահայտվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, անմարդկային վերաբերմունքը Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը անհաղթահարելի խոչընդոտներ են տարածաշրջանում իրավիճակի դե-էսկալացիայի և խաղաղ զարգացման համար։ Հրատապ միջոցների վերաբերյալ դատարանի որոշումները ճանաչում են այս իրողությունները և ստեղծում են միջազգային իրավունքի պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ՝ դրանց դիմակայելու համար:

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և դատարանին ծանուցելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-ORD-01-00-EN.pdf: Կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման տեքստը՝ https://www.icj-cij.org/public/files/case-related/181/181-20211207-ORD-01-00-EN.pdf:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: