ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան, ելնելով արդարադատության շահից, ցանկացած անձի, ով դիմումատուն չէ կամ Կոնվենցիայի անդամ ցանկացած պետության, որը գործի կողմ չէ, իրավունք է ընձեռում մասնակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործի վարույթին: Միջամտող անձը կամ պետությունը կարող են ներկայացնել առարկություններ, ինչպես նաև մասնակցել լսումներին:
Գործով վարույթին երրորդ կողմի մասնակցության առաջնային նպատակն է Եվրոպական դատարանին ապահովել համապատասխան նյութերով ու տեղեկատվությամբ: Երրորդ կողմի մասնակցությունը ենթադրում է համապատասխան գործով միջազգային նորմերի, ներպետական օրենսդրության, ինչպես նաև դատական պրակտիկայի պատշաճ ներկայացում:
Երրորդ կողմի միջամտություն, որպես կանոն, տեղի է ունենում այն գործերով, որոնցով Եվրոպական դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն գործի ուղղակի մասնակիցների վրա: Ավելի հաճախ որպես երրորդ կողմ միջամտում են հասարակական կազմակերպությունների կամ ակադեմիական կենտրոնների ներկայացուցիչները, ովքեր պարզաբանումներ են ներկայացնում միջազգային չափանիշների, համեմատական իրավագիտության ու դատական պրակտիկայի զարգացումների վերաբերյալ:
Կոնվենցիային կից Թիվ 14 Արձանագրությամբ նախատեսված փոփոխություններով, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կարող է գրավոր կարծիք ներկայացնել Դատարան և մասնակցել Պալատի կամ Մեծ Պալատի առջև ցանկացած գործով լսումներին (36-րդ հոդվածի 3-րդ կետ, 44(2)-րդ Կանոն):
Եվրոպական դատարանն ունի երրորդ կողմի` գործերին միջամտելու հստակ սահմանված ընթացակարգ, որն ամրագրված է Կոնվենցիայի 36-րդ հոդվածում, ինչպես նաև Դատարանի կանոնակարգի 44²-րդ կանոնում:
Այսպես, համաձայն կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետի՝ պետությունը իրավասու է միջամտել գործին, եթե դիմումատուն իր քաղաքացին է[1]: Միջամտությունը կարող է տեղի ունենալ գրավոր դիտողություններ ներկայացնելու և/կամ լսումներին մասնակցելու միջոցով:
Ավելին, 36-րդ հոդվածը նաև թույլ է տալիս «ցանկացած շահագրգիռ անձի» (որը կարող է լինել պետություն, ֆիզիկական անձ, կամ կազմակերպություն) միջամտել գործին, եթե դա բխում է «արդարադատության շահից»:
Ցանկացած ժամանակ այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը պատասխանող պետությանը դիմումի մասին տեղեկացնում է, երրորդ կողմը կարող է Եվրոպական դատարանի կողմից ստանալ թույլտվություն` գրավոր դիտողություններ ներկայացնելու կամ, բացառիկ դեպքերում, լսումներին մասնակցելու համար (հոդված 36 (2), Կանոն 44 ( 3))[2]:
Մասնակցելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր երրորդ կողմ 12 շաբաթյա ժամկետում պետք է գրավոր դիմում ներկայացնի Պալատի նախագահին[3]: Դիմումը պետք է «պատշաճ պատճառաբանված» լինի: Եթե Եվրոպական դատարանը բավարարում է դիմումը, ապա Եվրոպական դատարանը, որպես կանոն, սահմանում է միջամտելու որոշակի պայմաններ: Այս պայմաններն են գրավոր դիտարկումների առավելագույն ծավալի սահմանումը (սովորաբար 10-ից 15 էջ), դիտարկումներ ներկայացնելու որոշակի ժամկետը, ինչպես նաև այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ թույլատրվում է դիտողություններ կամ մեկնաբանություններ ներկայացնել: Սովորաբար Եվրոպական դատարանը նշում է, որ մասնակցության շրջանակներում չի թույլատրվում մեկնաբանություն կատարել տվյալ գործի փաստական հանգամանքների կամ գործի էության վերաբերյալ (քանի որ դրանք կողմերի իրավասության սահմաններում են):
Երրորդ կողմի միջամտությամբ հանդես գալու միջամտությամբ դիմումները սովորաբար կատարվում են գործի ըստ էության քննության փուլում: Սակայն նաև հնարավոր է որպես երրորդ կողմ մասնակցելու թույտվություն ստանալ ընդունելիության վերաբերյալ որոշում կայացնելու համար (տե՛ս, օրինակ, TI ընդդեմ Մեծ Բրիտանիայի, դիմում թիվ 43844/98, Որոշում 7 մարտի 2000 թ.):