Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարան և վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրաման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է հավակնորդների մրցույթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին կամ ֆրանսերենին գերազանց տիրապետող, և մեկ այլ լեզվին բավարար մակարդակով տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: Մրցույթը կանցկացվի ս.թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում (0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Գործուղման ժամկետը 1 տարի է՝ սկսած 2021թ. հունվարի 1-ից:
Հավակնորդի կողմից ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
2) 1 լուսանկար (3×4),
3) իրավաբանի բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
4) առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ,
5) անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը և մեկ այլ լեզվի բավարար իմացությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագիր, վկայական),
6) ինքնակենսագրական (հայերեն և անգլերեն կամ ֆրանսերեն),
7) մտադրության հիմնավորում (motivation letter),
8) երկու երաշխավորագիր,
9) հայտարարություն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված չլինելու մասին,
10) համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին:
Փաստաթղթերը ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում առձեռն՝ անձամբ հավակնորդի կողմից մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Մրցույթը հաղթահարած հավակնորդների ցանկից ՀՀ արդարադատության նախարարը ընտրում և ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում առավելագույնը երեք հավակնորդի տվյալները, որոնք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Գործուղվող իրավաբանի վերջնական ընտրությունը կատարվում է ԵԽ քարտուղարության կողմից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ արդարադատության նախարարություն՝ (010) 594057 կամ (010) 594033 հեռախոսահամարներով։