2019 թվականի հունվարի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Շոլց ԱԳ-ն ընդդեմ Հայաստանի» (թիվ 16528/10) գանգատի վերաբերյալ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Դիմումատուն Գերմանիայում գրանցված իրավաբանական անձ է, որը պայմանագրային հարաբերությունների մեջ էր գտնվում հայկական ընկերության հետ։
Պայմանագրային պարտավորությունների չկատարման հետևանքով ձևավորված պարտքի գումարի բռնագանձման պահանջով դիմումատու ընկերությունը դիմել է նախ ՀՀ տնտեսական դատարան, որը, սակայն, հայցը թողել է առանց քննության՝ հիմնավորմամբ, որ կողմերի միջև կնքված պայմանագրի դրույթներից հետևում է, որ ծագած վեճը ենթակա է արբիտրաժային տրիբունալի քննությանը։
Դիմումատու ընկերությունը նույն պահանջով դիմել է արբիտրաժային տրիբունալ, որի նախագահը դիմումը վերադարձրել է՝ պատճառաբանմամբ, որ դիմումատուն չի ներկայացրել արբիտրաժային համաձայնագիրը։
Դիմումատու ընկերությունը այնուհետև դիմել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը, նույնպես հայցը թողել է առանց քննության՝ հղում անելով տնտեսական դատարանի վկայակոչած հիմնավորմանը։ Սույն որոշումը դիմումատու ընկերությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, ապա` վճռաբեկ դատարան։
Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական ատյաների կողմից սույն վեճը քննության չառնելը հանգեցրել է դիմումատու ընկերության՝ դատարան դիմելու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, որը, սակայն, օրինական նպատակ չի հետապնդել։ Այդպիսով, ներպետական ատյաների կողմից դիմումատու ընկերության պահանջը քննության չառնելը հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմանը։
Դիմումատու ընկերությունը պահանջել է 1.213.824 դոլլար և 116.000 եվրո՝ որպես նյութական վնասի և 100.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները՝ Եվրոպական դատարանը դիմումատու ընկերությանը շնորհել է 3.600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: