Երկու նոր վճիռ Հայաստանի Հանրապետության դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Կոմիտեի` 3 դատավորներից բաղկացած կազմով, այսօր հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» և «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որոնցով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտումներ:

Երկու գործերն էլ վերաբերում են դիմամումատուների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս և այնուհետև կալանավորման ժամկետը երկարացնելիս ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ներկայացնելու անհրաժեշտությանը: Դիմումատուները պնդել են, որ ներպետական դատարանները իրենց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, իսկ այնուհետև դրա ժամկետը երկարաձգելիս բավարարվել են կալանավորման հիմքերի վերացական նշմամբ՝ առանց մատնացույց անելու որևէ փաստական հանգամանք, որը կարդարացներ կալանքը շարունակաբար կիրառելը: Նշված վճիռներով Եվրոպական դատարանը վերահաստատել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս և կալանավորման ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը կրկնվող խնդիր է Հայաստանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի լրումն հիմնավոր կասկածի առկայության` ներպետական դատարանները դիմումատուների շարունակական կալանքի համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

Եվրոպական դատարանը նշված գործերից յուրաքանչյուրով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է վճարել 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: