ՄԻԵԴ-ը հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը

Մայիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Կոմիտեի 3 դատավորներից բաղկացած կազմով, հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի»  գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում:

Գործը վերաբերում է դիմամումատուի օգտին կայացված դատական ակտը չկատարելուն: Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ ներպետական մարմինները չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կատարելու համար, քանի որ դիմումատուն այդպես էլ չէր վերականգնվել նախկին աշխատանքին և նրա հարկադիր պարապուրդի փոխհատուցման մի մասը մինչ գանգատի ներկայացման պահը մնացել էր չվճարված:

Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Կառավարությունը վճռի պահանջները կատարել է մասնակի` միայն հարկադիր պարապուրդի վճարման մասով: Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրել է, որ նախկին աշխատանքին վերականգնելու մասով վճիռը տևական ժամանակ չի կատարվել:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 3,600 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: