2017 թվականի ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը հրապարակել է իր որոշումը «Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը Մեծ պալատին հանձնելու դիմումատուների պահանջի վերաբերյալ:
Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ծավալված բողոքի ակցիաների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության թվով չորս բարձրաստիճան պաշտոնյաների քննադատական հայտարարություններին և այդ հիմքով վերջիններիս աշխատանքից ազատելու իրավաչափությանը: Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել էին, որ աշխատանքից ազատումը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատ արտահայտվելու իրենց իրավունքը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 17-ին Եվրոպական դատարանի Պալատը յոթ դատավորի կազմով սույն գանգատը չէր բավարարել՝ արձանագրելով, որ ազատ արտահայտվելու իրավունքի խախտում չի եղել:
Սահմանված եռամսյա ժամկետում դիմումատուները վճիռը Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջ էին ներկայացրել: Սակայն, 2017 թվականի ապրիլի 24-ին Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը մերժել է դիմումատուների պահանջը և քննարկվող վճիռը մտել է օրինական ուժի մեջ: