2016 թվականի հոկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարման ընթացքին առնչվող մի շարք հարցեր: Պարոն Բուայան բարձր է գնահատել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը, որի մասին վկայում են նաև 2015-2016 թվականներին գրանցված արդյունքները: Մասնավորապես, այս տարիների ընթացքում ավարտվել են թվով 33 վճիռների կատարողական-վերահսկողական վարույթներ:
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է հանդիսացել հատկապես երկու խնդիր`
1. ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը այն դեպքերում, երբ Եվրոպական դատարանի վճռով հաստատվել են մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել տվյալ պաշտոնատար անձի (անձանց) գործողությունների արդյունքում, և պետական բյուջեից տրվել է համապատասխան փոխհատուցում.
2. «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների կատարման վերաբերյալ առանցքային հարցերը, որոնցով քննարկվում են փախստականների իրավունքների խախտումների փոխհատուցման կամ այլ կերպ՝ վերականգնման հարցերը: ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը հատկապես ընդգծել է այս վճիռների առանձնահատուկ և եզակի բնույթը՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման կոնտեքստում, ինչպես նաև դրանց կատարմանն առնչվող իրավական և քաղաքական հարցերի բարդությունը: