ԱԺ-ն կքննարկի ՄԻԵԴ վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի 2 նախագիծ, որոնցով ամբողջացվում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և կատարելագործվում է անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ապահովման մեխանիզմը:

1. Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ինստիտուտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել քաղաքացիների հնարավորությունները պահանջելու վնասների նյութական կամ գումարային հատուցում բոլոր այն դեպքերում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նրանց իրավունքների խախտմամբ պատճառվել է ոչ նյութական կամ, այլ կերպ ասած, բարոյական վնաս: Նախագծի կարևորությունը պայմանավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշման պահանջների լիարժեք կատարման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Եվրոպական դատարանում ներկայում քննվում են Հայաստանի դեմ ներկայացված գանգատներ, որոնք առնչվում են ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտին:

ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի մայիսի 19-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ներդրվեց ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմ, որը, սակայն, ամբողջական չէ:

Նախ, այստեղ ներառված չեն այն բոլոր իրավունքները, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցում:

Մասնավորապես, եթե գործող օրենքում նախատեսված է միայն խոշտանգման արգելքի, կյանքի իրավունքի, անձնական ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, ապա նախագծով ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, սեփականության իրավունքները:

Ընդ որում, իրավունքների ցանկը ընտրված է հիմք ընդունելով Եվրոպական դատարանի չափանիշը, որով այդ իրավունքներին տրվում է ինքնուրույն հատուցում:

Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ամբողջական ներդրման հարցն ուղղակիորեն առնչվում է նաև հատուցման չափերի սահմանմանը: Ներկայում, ըստ էության, այդ չափերը չեն համապատասխանում Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, այսօրվա 500.000  և 1.000.000 ՀՀ դրամ չափերի փոխարեն առաջարկվում է, կախված ենթադրյալ խախտված իրավունքից, նախատեսել է 2.000.000 և 3.000.000 ՀՀ դրամ: Իհարկե, պահպանվել է նաև գործող այն կարգավորումը, որ եթե դատարանը գտնում է, որ իրավունքի խախտման հետևանքով անձի համար առաջ են եկել ծանր հետևանքներ, ապա կաշկանդված չէ այդ չափերով: Ոչ նյութական վնասի հատուցման այս չափերը հիմնված են թե՛ միջազգային փորձի, թե՛ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի վրա:

Նախագիծը նաև նախատեսել է քաղաքացիական դատավարության շրջանակներում միևնույն դատական ակտով իրավունքի խախտման փաստը ճանաչելու և դրա համար ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն՝ կրկնակի պրոցեսից խուսափելու համար:

Բացի այդ, անձը ձեռք է բերում իրավունք դատական կարգով պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով այդ անձի հիմնարար իրավունքի  խախտումը դատական կարգով, այլ նաև քրեական հետապնդման մարմնի կողմից իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում:

Նախագծում տեղ է գտել կարգավորում, համաձայն որի՝  Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի մեղքի առկայությունը։

Նախագծով առաջարկվող ոչ նյութական վնասի իրավունքի ինստիտուտի կարգավորման առարկան հստակեցվել է,  և տարբեր օրենքների դրույթների միջև կրկնություններն ու հակասությունները բացառելու նպատակով սահմանվել է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Օրենքի նախագիծը այս հղումով:

 

2. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործող մեխանիզմի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են գործնականում առկա այն խնդիրների լուծմանը, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը՝ միևնույն ժամանակ ապահովելով քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ու քրեական գործի քննության ընթացքում հանրային շահի պաշտպանությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև ՀՀ միջազգային պարտավորությունների և, մասնավորապես, Մարդու իրավունքների դատարանի նախադեպային պրակտիկայի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Նախագծում առաջարկվող լուծումներից, մասնավորապես, կարելի է առանձնացնել հետևյալ հիմնականները.

Նախագծով առաջարկվում է գործին արդեն որպես պաշտպան մասնակցող սուբյեկտից բացի, բարելավել նաև պաշտպանությունը ստանձնելու նպատակով ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցության եկած փաստաբանի ինքնուրույն տեսակցությունն այդ անձանց հետ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված համապատասխան հավաստագրի հիման վրա: Այսօր այդպիսի փաստաբաններն առանց քննիչի չեն կարողանում տեսակցության գնալ իրենց ապագա վստահորդներին: Իհարկե, այստեղ հաշվի են առնված գործող դատավարական համակարգի և վարույթն իրականացնող մարմինների գործառույթների բնույթը:

Նախագծի կարևոր լուծումներից է այն, որ ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի և պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն է ընձեռվում նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Այս դեպքում խոսքը, օրինակ, վերաբերում է այն դեպքերին, երբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է, ասենք, շաբաթվա վերջին աշխատանքային ուրբաթ օրը, ապա ստացվում է՝ անձը հնարավորություն կունենա պաշտպանի ծառայություններից օգտվել միայն դրան հաջորդող առաջին աշխատանքային, այսինքն՝ երկուշաբթի օրը: Նման պարագայում, իհարկե, անձը զրկվում է ձերբակալման, խափանման միջոցի ընտրման պահից իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումից:

Նախագծով առաջարկվող կարգավորումները կալանավորված անձանց հնարավորություն են ընձեռում սեփական միջնորդության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, աշխատանքային օրերին և ժամերին առանձին, անարգել տեսակցել տվյալ քրեական գործով որպես պաշտպան չներգրավված այլ փաստաբանի հետ՝ իրավական այլ ոլորտներում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով (օրինակ՝ ամուսնալուծության կամ քաղաքացիաիրավական գործարքի կապակցությամբ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար):

Նախագիծը բովանդակում է նաև կարգավորումներ, որոնք կոչված են բացառելու նախատեսվող իրավունքի հնարավոր չարաշահման դեպքերը: Հենց այս նպատակով էլ առաջարկվում է, որ եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին: Ընդ որում, նախատեսվում է նաև նշված սահմանափակման հիմքը, այն է՝ քրեակատարողական վայրի անվտանգության և բնականոն աշխատանքի ապահովումը: Բացի այդ, իրավաբանական օգնության լիարժեք ապահովման տեսանկյունից որպես լրացուցիչ երաշխիք ամրագրվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձն ինքը կարող է ընտրել այն փաստաբաններին կամ պաշտպաններին, ում հետ ցանկանում է տեսակցել:

Որպես լրացուցիչ մեխանիզմ՝ նախատեսվում է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պետք է կայացնի գրավոր որոշում, որի պատճենը ենթակա է տրամադրման ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաև տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին:

Նախագծի մշակման ընթացքում միասնական փաթեթով շրջանառվել և ամփոփվել են նաև օրենքի այս նախագծի լուծումների իրացումն ապահովող Կառավարության որոշումներ, որոնք կներկայացվեն Կառավարության քննարկմանը խորհրդարանի կողմից օրենքի նախագծի ընդունումից հետո:

Օրենքի նախագիծը այս հղումով:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: