ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Կոմիտեի կազմով, հրապարակել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 28739/09) վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում:

Դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարաններն իր կալանավորումը հիմնավորելու համար չեն ներկայացրել բավարար և հիմնավոր պատճառներ:

Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանները դիմումատուի շարունակական կալանավորումը հիմնավորել են պարզապես վկայակոչելով ներպետական իրավական կարգավորումները և հղում կատարելով հանցանքի ծանրությանը՝ առանց հաշվի առնելու գործի փաստական հանգամանքները կամ առանց մանրամասնելու, թե ինչու բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմաումատուն քրեական վարույթն իրականացնող մարմնից կթաքնվի, գործի քննությանը կխոչընդոտի կամ քրեական օրենքով չթույլատրված արարք կկատարի:

Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 3 000 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: