ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

«Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործը (գանգատ թիվ 11244/12) վերաբերում է դիմումատուի որդու՝ 30-ամյա Լևոն Գուլյանի մահվան փաստին: 2007թ. մայիսի 12-ին դիմումատուի որդուն մահացած են գտել ՀՀ ոստիկանությկան վարչական շենքի բակում: Քննության ընթացքում որպես հիմնական վարկած քննարկվել է դիմումատուի որդու՝ իրեն երկրորդ հարկի պատուհանից ցած նետելու վարկածը: Դիմումատուի որդին հարցաքննության էր կանչվել երեք օր առաջ իրեն պատկանող ռեստորանի դիմաց տեղի ունեցած սպանության առնչությամբ: Վերջինիս մահվան գործով քննությունը սկսվել է 2007թ. դեկտեմբերին և դրանից հետո բազմիցս կարճվել ու վերսկսվել: Ամեն անգամ, երբ գործը կարճվել է, հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դիմումատուի որդին փորձել է խուսափել սպանության գործով մեկ այլ վկայի հետ առերեսումից, քանի որ նա կստիպեր իրեն բացահայտել սպանություն կատարողի անձը: Յուրաքանչյուր անգամ գործի քննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելիս՝ դատարանները մատնանշել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես դիմումատուի որդուն խոշտանգելու  և պատուհանից ցած նետելու մասին պնդումները քննած չլինելու հանգամանքը: Ըստ այդմ, դատարանը մի քանի անգամ հանձնարարել է անցկացնել քննչական փորձարարություն: Վերջին անգամ գործը կարճվել է 2012թ. փետրվարին քննչական փորձարարության անցկացման համար անհրաժեշտ մանեկենի բացակայության հիմքով:

Հիմք ընդունելով Կոնվեցիայի 2-րդ հոդվածը` դիմումատուն inter alia գանգատվել է ոստիկանությունում պահվելիս իր որդու մահվան փաստի և վերջինիս առնչությամբ իրավասու մարմինների կողմից արդյունավետ քննության իրականացման բացակայության մասին:

Եվրոպական դատարանը նշել է, որ քննություն իրականացնող մարմինները ի սկզբանե ընդունել են դիմումատուի որդու փախուստի վերաբերյալ վարկածը և ամբողջ քննությունն կառուցել դրա շրջանակներում: Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ քննություն իրականացնող մարմինները չեն կիրառել բոլոր հնարավոր միջոցները դիմումատուի որդու մահվան հանգամանքները պարզելու համար և չեն իրականացրել արդյունավետ քննություն: Ուստի, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտում:  Ավելի, Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի որդու մահվան հանգամանքների վերաբերյալ բավարար և համոզիչ բացատրություն չի ներկայացվել: Ուստի, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում ևս:

Դիմումատուն պահանջել է 200 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 3600 եվրո՝ որպես Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 50 000 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և ողջամիտ է համարել շնորհել նրան 2000 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: