ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

2018 թվականի սեպտեմբերի 20-ին Եվրոպական դատարանը, հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 44769/08) գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելք) և 5-րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում:

Գործը վերաբերում է դիմումատուի՝ տասը ամիսների ընթացքում կալանքի պայմաններին և հիմքերին: 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերից հետո ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների ընթացքում 2008 թվականի մարտի 1-ին Գասպարին ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Այնուհետև նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել նույն արարքի համար և դատարանները բավարարել են կալանքի միջնորդությունը: Գասպարին բողոքարկել է որոշումը, որը մերժվել է: Գասպարին մեղավոր է ճանաչվել և 2008 թվականի նոյեմբերին դատապարտվել մեկ տարվա ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2009 թվականի փետրվարին:

Հիմնվելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա՝  վերջինս բողոքել է 2008 թվականի մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ազատազրկման վայրում իր պահման պայմաններից, երբ ինքը պահվելիս է եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 7 տարբեր խցերում: Նա, մասնավորապես, բողոքել է որոշ խցերի գերբնակեցվածությունից, բնական լույսի և թարմ օդի բացակայությունից, դրանց պարբերաբար կեղտաջրերով ողողվելու, ինչպես նաև խցում այլ բանտարկյալների հետ հերթափոխով քնելու և ծխախոտի ծխի ազդեցությանը մշտապես ենթարկվելու հանգամանքներից:

Միաժամանակ հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա՝ դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարանները կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել:

Եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում պայմանավորված դիմումատուի կալանավայրում պահման պայմաններով, ինչպես նաև արձանագրել է 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, քանի որ ներպետական դատարանները կալանք կիրառելիս և դրա ժամկետը երկարացնելիս հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել:

Դիմումատուն պահանջել է 100,000 ԱՄՆ դոլար՝ որպես նյութական վնասի և  60,258 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 4,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: