Գևորգ Կոստանյան. «Ռ-էվոլյուցիա»

Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ: Եթերում «Ռ-էվոլյուցիան» է: Մեկ շաբաթից ավելի է Հայաստանն ապրում է աննախադեպ բուռն քաղաքացիական քաղաքական կյանքով: Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տեղի ունեցող իրադարձությունները երկրում փոխել են թէ մթնոլորտը, թէ կատարվող զարգացումները: Այս իրադարձությունների ֆոնին օրերս հայտնի դարձավ ևս մեկ կարևոր նորություն: Հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության մասով գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ: Այս և այլ բազմաթիվ հարցերի շուրջ այսօր տաղավարում կզրուցենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

«Գևորգ Կոստանյան: Գևորգ Կոստանյանը ծնվել է 1977թ. Երևանում: 1999թ. ավատրել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ: 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դոցենտ է: Ատենախոսության թեման «Հայաստանի Հանրաետության ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»: 2006թ.-ից ուսումնառություն է անցել Մեծ Բ րիտանիայի Նոտինգեմի համալսարանում: 1995թ.-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու: 2001թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: 2003-ից մինչև 2004թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա մինչև 2006թ. կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: 2006թ. մինչ 2008թ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնում: 2004թ. մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2008թ. հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահը: 2002թ. մինչ օրս դասավանդում է  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ներկայումս սովորում է Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում: Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է: Հայաստանի Հանրապետության նախագահի 2011թ. հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Ամուսնացած է: Ունի մեկ դուստր և մեկ որդի: Անկուսակցական է»:

Բարի երեկո պարոն Կոստանյան

-Բարև Ձեզ:

[…]

Վերադառնանք շատ կարևոր մի հարցի, պարոն Կոստանյան. անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռները` առաջարկելով 2 երկրների` Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այս մարդիկ կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ: Այս վճիռները հակասական գնահատականներ ստացան, նախ կցանկանայի` հեռուստադիտողի համար շատ կարճ, համառոտ գոնե ներկայացնեք գործերի էությունը և Ձեր գնահատականը տալ` շատ կարևոր է:

-Շատ լավ: Երկու վճիռներ են կայացվել, ընդ որում, երկու պրոցեսները սկսվել են զուգահեռաբար, պրոցես առաջին` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործ, այսինքն` Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող փախստականներ, հիմա արդեն քաղաքացիներ, իրենք դիմել են դատարան` ընդդեմ Հայստանի, պահանջելով, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց կարծիքով փոխհատուցի իրենց հասցված վնասները` պատերազմի արդյունքում տրված:

Իննսուներկուսից իննսունչորս թվականներին:

-Այո-այո, կոնկրետ այս դեպքում Լաչինի ազատագրման գործողությունների արդյունքում: Եվ երկրորդ հայցն. արդեն Հայաստանի… հայ փախստականները, կոնկրետ այս դեպքում` Գյուլիստանից հայ փախստականը, դիմել էր դատարան ընդդեմ Ադրբեջանի` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», նույն պահանջը դրել էր նաև Սարգսյանը` Ադրբեջանի դեմ: Եվ Եվրոպական դատարանը 2006 թվականից այս երկու հայցերը զուգահեռաբար, միաժամանակ տարավ ամբողջ ընթացքում:

Եվ միաժամանակ էլ` երկու վճիռը:

-Եվ միաժամանակ էլ` նույն օրն էլ վճիռը կայացրեց և հրապարակեց, այսինքն` բովանդակությունը սրանումն է. գույքային իրավունքների պաշտպանության մասին է  խոսքը:

Ձեր կարծիքով…վճռի մասին կուզեի, որովհետև տարբեր գնահատականներ են տրվում և ներսից գնահատականներ, որ Հայաստանը լավ փաստարկեր չներկայացրեց և Ձեր փաստարկները… և այս ընթացքում նաև կխոսենք ադրբեջանական մամուլով իրենց տեսակետների մասին:

-Փաստարկների մասով, որևէ մեկը հետևություններ անելուց առաջ, ես կարծում եմ, պետք է փաստարկներին ծանոթ լինի: Ինչպես արդեն ասացի, այդ պրոցեսը 10 տարի արդեն ընթանում է և այդ 10 տարվա ընթացքում առնվազն տարին երկու անգամ Եվրոպական դատարանի հետ և մյուս կողմի հետ, այսինքն` դիմումատուի հետ քննարկումներ են եղել` գրավոր եղանակով և յուրաքնչյուրը ներկայացրել է իր դիմումները, իր փաստարկները և այլն, և արդյունքում առնվազն մոտ 30 հատոր փաստաթղթերի մի ամբողջություն կա, որին ծանոթանալու արդյունքում, ես կարծում եմ, միայն որևէ մեկը կարող է հետևություններ անել` Հայաստանի դիրքորոշումը պատշաճ ներկայացվել է, թե` ոչ: Հակառակ դեպքում դրանք բոլորը բավարար հիմքեր չեն կարող ունենալ: Ես կարծում եմ, որ մենք բավարար չափով ներկայացրել ենք մեր դիրքորոշումը և արդյունավետորեն ներկայացրել ենք, ինչի մասին նաև խոսում է այդ փաստը, փաստ, որ Եվրոպական դատարանը այս դեպքում նաև փորձեց նաև պարիտետի սկզբունքով…

Հավասարակշռության…

-Այո, լուծումներ տալ, որպեսզի դա չքաղաքականացվի:

Բայց քաղաքականացվում է, հիմա կխոսենք դրա մասին: Դուք նշել էիք, այս վճռի կապակցությամբ Դուք նշել էիք, որ այս վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անուղղակիորեն ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի իշխանություններ, մեջբերեմ Ձեր խոսքից. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկելով Հայաստանի իրավազորության խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածքում, եկել է կարևոր եզրահանգման, ֆիքսել է, որ Հայաստանն ունի ազդեցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և այդ ազդեցությունը դրսևորվում է տնտեսական, սոցիալական, քաղաքական և տարաբնույթ օժանդակություններ տրամադրելու եղանակով, սակայն, միաժամանակ, Եվրոպական դատարանը ֆիքսել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի իրականացնում իշխանություն Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես պնդում էին դիմումատուները, այս դեպքում` Ադրբեջանցիները, այսինքն` դատարանը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնուրույնն իշխանություն, որն իրականացնում են իր տարածքում և Հայաստանի Հանրապետության իշխանությունը չունի իշխանություն այդ տարածքում»: Կարո՞ղ են, պարոն Կոստանյան, այս վճիռները որոշակի կամ անուղղակի ազդեցություն ունենան Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վրա: Ինչու՞ եմ ասում, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցները իրենց քարոզչամեքենան և նաև իրենց պաշտոնական` Արտգործնախարարության մակարդակով, տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ ոչ միայն չեն կատարելու վճիռը, չեն իրագործելու, այլև քաղաքականացնում էին, Հայաստանին որակում դարձյալ որպես օկուպանտ երկիր, այսինքն` տանում են դեպի Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ որևէ ազդեցություն ունենալուն:

-Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման առումով այս վճիռը բացարձակ որևէ նշանակություն չի կարող ունենալ մի քանի պատճառներով, պատճառ առաջին` այս վճիռները վերաբերում են և հենց կոնտեքստը այնպիսին է, բնույթը այնպիսին է, որ վերաբերում է բացառապես մարդու իրավունքների հարցերին: Եվ Եվրոպական դատարանը…

Գույքի, անձի գույքի:

-Այո, կոնկրետ անձի, կոնկրետ գույքի օգտագործման իրավունքի պաշտպանության եղանակներին և դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը իր վճռում հատկապես, բազմիցս նշում է, որ այս գործի քննության իմաստով Եվրոպական դատարանը հանգում է այս եզրակացությանը և այլն, և այլն: Այսինքն` կոնֆլիկտի տեսակետից, կոնֆլիկտի լուծմանը, կամ կոնֆլիկտի ներազդելու իմաստով Եվրոպական դատարանը ինքն է նշել, որ ձեռնպահ է մնում որևէ նման գնահատական տալուց:

Քաղաքական:

-Իհարկե: Եվ ամենակարևորը` ձևակերպումների մասով, որ Դուք մեջբերեցիք, սա, իմ համոզմամբ, սա այս վճռի ամենակարևոր նշանակություն ունեցող հանգամանքն է, ասեմ` ինչու, Եվրոպական դատարանի նախադեպում և համաշխարհային իրավունքի տեսակետից բազմաթիվ են եղել նման դեպքերը, երբ որ վեճի առարկան եղել է չճանաչված պետությունների տարածքում իրականացված այս կամ այն կոնֆլիկտների պարզաբանումը և լուծումը: Եվ եղել են դեպքեր, օրինակ` հիմա կարող եմ 2 օրինակ բերել, որ Եվրոպական դատարանի համար կոնկրետ նախադեպ են հանդիսացել. Կիպրոսի գործը, այսինքն` Հյուսիսային Կիպրոսում վեճերի կարգավորման ընթացքը, երկրորդը` Տրադնեստրիայի հետ կապված, այսինքն` Ռուսաստանի և Մոլդովիայի հետ կապված Տրադնեստրիայի մասով ևս ներկայացվել է հայց, երկու գործերում էլ, որոնք հիմնական գործերն են, Եվրոպական դատարանը եկավ մի շատ կարևոր եզրակացության. ֆիքսեց Կիպրոսի մասով` Թուրքական իշխանությունը օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, ուղղակի նշեց իր վճռում, Իլաշկուն ընդդեմ Մոլդովիայի և Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանը ուղղակի ֆիքսեց, որ Ռուսաստանի բանակը ուղղակի օկուպացրել է Տրադնեստրիան, թեև էլի մարդու իրավունքներին է վերաբերում, Հայաստանի վերաբերյալ գործով, այսինքն` Չիրագովի վերաբերյալ գործով, ոչ միայն նման արտահայտություն չկա, այսինքն` օկուպացրել, օկուպացիայի մասին ընդհանրապես խոսք չկա, ավելին` այդ նույն վճռում Եվրոպական դատարանը սահմանում է, որ, ինչպես մեջբերեցի, Հայաստանի Հանրապետությունը չունի իշխանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, մարդկանց և որևէ մեկի նկատմամբ, այլ ընդհամենը ունի իրավազորություն, հիմա բացատրեմ` ինչ է նշանակում այդ իրավազորությունը:

Վճռի իրագործումը որ դրվում է, դա նկատի ունե՞ք, վճռի իրագործումը Հայաստանի վրա է դրվում:

-Այո, խնդիրը հետևյալում է, որ Եվրոպայի խորհրդի քաղաքականությունն այնպիսին է, որ Եվրոպայի տարածքում չպետք է լինեն այնպիսի տարածքներ, որոնք վակուումային իրավիճակներ ստեղծեն մարդու իրավունքների պաշտպանության առումով, ինչու՞, որովհետև դա էլ հիմք է ընդունել նույն ձևով միջազգային արդարադատության դատարանի` Նամիբիայի գործով կայացած վճիռը, որտեղ սահմանել է, որ չի կարող լինել այնպիսի վակուումային իրավիճակ, երբ որ մարդու իրավունքը որևէ կերպ պաշտպանված չլինի: Եվ Եվրոպական դատարանը այս դեպքում այդ պաշտպանության պարտականությունը դրել է Հայաստանի Հանրապետության վրա, ավելին` այդ պարտականությունը դրել է, կրկնվեմ, ոչ թե օկուպացիայի հիմքով, որովհետև ինքնին հերքել է, որ օպկուպացիայի մասին խոսք լինել չի կարող, այլ միայն այն հիմքով, որ Հայաստանի Հանրապետությունը ունի տնտեսական, սոցիալական, քաղաքական օգնության, օժանդակության ուժով իրավազորություն և ամենակարևորը` Հայաստանի Հանրապետության ազդեցության ուժով, ազդեցության. ինչու եմ այս փաստն հատկապես նշում, որովհետև շատ էր քննարկվում, և նույն Եվրոպական դատարանը իր վճռի մեջ նշում է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որտեղ շատ են ինչ–որ… հատկապես ադրբեջանական մամուլն ինչ-որ մեկնաբանություններ է անում, ինչ-որ վկայակոչումներ է անում, բայց ես նույն այդ 4 բանաձևերում, որը որ հիմք է ընդունել նաև Եվրոպական դատարանը ընդհամենը խոսում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ազդեցություն: Որևէ տեղ չի ֆիքսում, որ օկուպացրել է որևէ տարածք կամ ունի իշխանություն և այլն, ավելին ասեմ, եթե Անվտանգության խորհրդի այդ բանաձևից որևէ մեկում լինի նման ձևակերպում ես համոզմունք ունեմ, որ Եվրոպական դատարանը նույն ձևակերպումը տալու է նաև իր վճռում, ոնց որ արդեն ասացի, թե Տրադնեստրիայի թե Հյուսիսային Կիպրոսի գործով Ռուսաստանի և Թուրքիայի մասով:

Պարոն Կոստանյան, Հայաստանը որպես փաստարկ նշե՞լ է արդյոք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից իրականացված ռազմական գործողությունները միջազգային իրավունքի խախտում չեն հանդիսացել ի վերջո:

-Ուրեմն` Հայաստանի Հանրապետությունը` կառավարությունը, ոչ միայն այդ փաստարկը ներկայացրել է  զուտ, այլև այդ փաստարկը հիմնավորել է նաև միջազգային իրավունքի տեսակետից: Եվ մեր ամբողջ դիրքորոշումը կառուցված էր նրա վրա, որ մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, միանշանակ, և մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացման և միջազգային իրավունքի պաշտպանության տեսակետից և այդ փաստարկը ոչ միայն ներկայացրել ենք, այլև պատշաճ կարգով հիմնավորել ենք, և հենց դրանով է պայմանավորված, որ Եվրոպական դատարանը նաև զերծ է մնացել որևէ ձևակերպումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեր կողմից նշված այդ սկզբունքը:

Մեկ բան էլ. այդ դեպքում ի՞նչ նպատակներ են հետապնդում Ադրբեջանի այս հայտարարությունները, Ադրբեջանի կողմից այս հայտարարությունները, նախ հայտարարությունը, որ իրենք չեն իրականացնելու վճիռը, չեն կատարելու, այն դեպքում, երբ որ բեկանման ենթակա չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որևէ վճիռ և այս` Լեռնային Ղարաբաղի հարցի ուղղությամբ այս վճիռը շահարկելու թեման ինչո՞վ է պայմանավորված: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը:

-Ես կարծում եմ…ես 2 ուղղությունով ասեմ, առաջին` վճռի չկատարման հետ կապված հայտարարությունը. ես կարծում եմ, օրինակ ես նման հայտարարություն չէի անի, ինչու՞, որովհետև անկախ նրանից դու համաձայն ես այդ վճռի հետ թե համաձայն չես Եվրոպական դատարանի պես հեղինակավոր կառույցին չի կարելի այդպես վերաբերվել, այսինքն` մենք կարող ենք քննարկել վճռի կատարման եղանակը, ձևերը, ավելին` նկատի ուենալով, որ Եվրոպական դատարանը իր իսկ վճռում սահմանել է, որ հասկանալով, որ բավականին բարդ ընթացքի մեջ է մտել, մեկ տարով ժամկետ է տվել պետություններին և դիմումատուներին, որպեսզի քննարկեն վճռի կատարման ձևերը և եղանակները: Այսիքն` մենք հարգանքով ենք վերաբերվում Եվրոպական դատարանի վճռին` անկախ նրանից մենք համաձայն ենք, թե համաձայն չենք, կամ ինչ չափով ենք համաձայն և այդ հարգանքի դրսևորման արդյունքը նաև նա է, որ մենք քննարկման առարկա մեկ տարվա ընթացքում կդրաձնենք` վճռի կայացման ո՞ր միջոցին ենք մենք համաձայն, որ միջոցին` ոչ, բայց այս հարցով ես կուզենայի հատկապես նշել ևս մի կարևոր հանգամանք` վճռի կատարման պրոցեսի մասով ևս կա միջազգային փորձ ու չճանաչված պետությունների մասով հատկապես, որ վճռի կայացման պրոցեսում, որ վճռի կայացման գործընթացում ուղղակիորեն ընդգրկվում են նաև այդ չճանաչված պետությունները: Եվ նույն Հյուսիսային Կիպրոսի դեպքում, այսինքն` Լուիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը եկավ այն եզրահանգման և արդյունքում նախարարների կոմիտեում քննարկման առարկա դարձավ և Հյուսիսային Կիպրոսը` որպես չճանաչված պետություն, որպես միավոր, ներգրավվեց պրոցեսի մեջ` փոխհատուցման ընթացքի վերաբերյալ և սրանով է պայմանավորված այն հանգամանքը նաև, որ հիմա արդեն այս պրոցեսի ընթացքում մենք փորձ ենք անելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ուղղակիորեն այս ընթացքի մեջ ներգրավվի որպես լիիրավ կողմ, սուբյեկտ` միջազգային իրավահարաբերության:

Վճռի կատարմա՞ն:

-Այո:

Պատկերացնու՞մ եք բայց, պարոն Կոստանյան` ինչքան են լինելու դեպքերը, հոսքը այս իմաստով փախստականների:

-Պատկերացնում եմ:

Ու որքան էլ որ այս դեպքում ֆինանսական մասն այնքան էլ հետաքրքիր չէ, քաղաքական մասը վճռի դոմինանտ ու կարևոր նշանակութոյւն ունի, բայց ամեն դեպքում հսկայական պահանջներ են գումարային ներկայացվում, ինչ…

-Հասկանում եմ, պահանջ ներկայացնելը մի հարց է, պահանջը հիմնավորելը երկրորդ հարցն է, որովհետև ինքնին պահանջը ներկայացնելու փաստը բավարար չէ այդ պահանջը բավարարելու համար, դրա համար ստեղծվում են համապատասխան մարմիններ, դրա համար կան իրավական և փաստական, փաստաթղթային այնպիսի հիմքեր, որոնց առկայության դեպքում միայն համապատասխան պահանջը ենթակա է բավարարման, բայց սա բավականին երկար պրոցես է և մենք առաջինը չենք ու վերջինը չենք, որ նման պրոցեսի մեջ մտնում ենք, կարևորը որ… մեզ համար շատ կարևոր է, որ այդ պրոցեսը կազմակերպելու ենք միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան:

Շնորհակալ եմ, պարոն Կոստանյան, իհարկե, հարցերը շատ էին, բայց չհասցրեցինք, ժամանակը կարճ է` ինչպես ասում են, հարգելի հեռուստադիտող, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի:

 


Հարցազրույցն ամբողջությամբ

Մուտք

Չունե՞ք հաշիվ: