Վեբ կայքի շնորհանդեսի ողջույնի խոսք

Նախ, շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառմանը Ձեր մասնակցության համար: Այն համարում եմ կարևոր, քանի որ այստեղ ներկաներիցս յուրաքանչյուրը մեր կարգավիճակի ուժով կոչված եք նպաստելու մարդու իրավունքների երաշխավորմանը և պաշտպանությանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այսօր մենք ապրում ենք այնպիսի փոխկապակցված աշխարհում, որտեղ իրականում մարդու իրավունքների պաշտպանության համար այլևս սահմաններ գոյություն չունեն:

Հայաստանի Հանրապետությունը սեփական իրավական համակարգը զարգացնում է՝ հիմքում ունենալով մարդու արժանապատվության գերակայության, նրա իրավունքների և ազատություների իրական պաշտպանության հիմնարար սկզբունքները: Սա ինքնին ենթադրում է համակարգային այնպիսի միջոցառումներ, որոնք ունակ են ապահովելու դրանց լիարժեք իրացումը թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ գործնականում:

Այս հիմնարար խնդրի լուծմանն առաջին հերթին ուղղված է իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիոն համակարգը: Այդ համակարգը կոչված է ոչ միայն երաշխավորելու անձի իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այլ նաև ներդնելու այդ հիմնարար արժեքների դատական պաշտպանության գործուն երաշխիքներ:

Կոնվենցիոն այս համակարգի բաղկացուցիչ մաս արդարացիորեն կազմում է Եվրոպական դատարանում պետության ներկայացուցչի ինստիտուտը և դրանով իսկ լրացնում կոնվենցիայով ստեղծված իրավապաշտպան դատական համակարգը:

Կառավարության լիազոր ներկայացուցիչը դասական իմաստով իհարկե հանդիսանում է պետության փաստաբանը եվրոպական դատարանում և ըստ այդմ ինչպես ցանկացած փաստաբան պարտավոր է հնարավորինս պաշտպանել պետության շահերը և հնարավորինս հստակ ներկայացնել պետության դիրքորոշումը այս կամ այն հարցով: Սակայն Եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի պարտականությունները ավելին են քան զուտ ներկայացուցչությունը: Ըստ էության ներգրավված լինելով պետության շահերի պաշտպանությանը եվրոպական դատարանում, լիազոր ներկայացուցիչն ամենաիրազեկ պաշտոնյան է դառնում պետության իրավական համակարգում առկա խնդիրների և միևնույն ժամանակ այդ խնդիրների եվրոպական չափանիշներին համահունչ լուծումների վերաբերյալ: Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լիազոր ներկայացուցիչը Հայաստանի վերաբերյալ ցանկացած վճռից հետո նախանշում է օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման ուղղությունները, որոնք անհրաժեշտ են եվրոպական դատարանի արձանագրած խախտումները հետագայում բացառելու համար:

Սակայն Եվրոպական դատարանի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Եվրոպայի խորհրդի կողմից որդեգրվեցին վճիռների կատարման նոր սկզբունքներ: Այդ սկզբունքները տեղ են գտել Ինտերլակենի, Բրայթոնի և, հատկապես, Բրյուսելի հռչակագրերում և ուղղված են սուբսիդիարության սկզբունքի ամրապնդմանը, դատարանի գործունեության, ինչպես նաև դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացմանը:

Այս հռչակագրերի համատեքստում հատկապես կարևորվում է Եվրոպական դատարանում պետությունների կառավարությունների ներկայացուցիչների դերը դատարանի իրավական դիրքորոշումների իրագործման հարցում: Այդ նոր մոտեցումների համաձայն՝ կառավարությունների և նրանց ներկայացուցիչների գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն քաղաքացիների գանգատների կապակցությամբ Եվրոպական դատարան դիրքորոշումներ ներկայացնելով կամ դատարանում պետության շահերը պաշտպանելով: Կառավարության ներկայացուցչի դերն այսպիսով շատ ավելին է. այն կոչված է նպաստելու համակարգային առումով երկրում եվրոպական իրավական չափանիշների ներդրմանը: Այս հիմնարար մոտեցումը բխում է իմ կողմից արդեն իսկ նշված հռչակագրերի պահանջներից և կոչվում է կանխարգելիչ մոտեցում: Այն ենթադրում է պետության ներսում այնպիսի համալիր միջոցառումների իրականացում, որոնք կնվազեցնեն Եվրոպական դատարան ներկայացվող գանգատների թիվը: Այդ կերպ հնարավոր կլինի բարձրացնել դատարանի կողմից գանգատների քննության արդյունավետությունը:

Այս պայմաններում արդարացիորեն կարևորվում է ոչ միայն պետական մարմինների հետ ակտիվ աշխատանքը, այլ նաև համագործակցությունը քաղաքացիական հասարակության, երկրում մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ: Կարևոր է նաև արդյունավետ համագործակցությունը դատական համակարգի և խորհրդարանի հետ:

Եվ իհարկե, վերը շարադրված նոր մոտեցումների իրացման կարևորագույն սկզբունքներ են համարվում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի հասանելի լինելը, իսկ դրանցով նախատեսված իրավական պաշտպանության մեխանիզմները՝ մատչելի լինելը: Սա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրմանը:

Այս առումով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի և նրա աշխատակազմի կայքը կդառնա այն կարևոր գործիքը, որի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի պետություն-հասարակություն և հակառակ կապը: Այստեղ տեղադրված են մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, ինչպես նաև նախատեսված են բացատրական բնույթի մատչելի տեղեկություններ քաղաքացիների՝ Եվրոպական դատարան հասցեագրված գանգատների քննության ընթացակարգերի, այդ հարցում Եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի դերի, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճռի կատարման կանոնների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների գործընթացի շրջանակներում հատկապես կարևոր է եվրոպական չափանիշներից բխող այնպիսի լուծումներ ներդնելը, որոնք ունակ են ապահովելու նշածս համակարգային խնդրի ամբողջական լուծումը ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաև գործնականում: Այս նպատակներին հասնելու համար մեզ համար հատուկ կարևորություն է ներկայացնում համագործակցությունը ԵԽ Նախարարների կոմիտեի Եվրոպական դատարանի վճիռների կատարման ստորաբաժանման հետ:

Օրինակ՝ Եվրոպական դատարանի պահանջներով էր պայմանավորված ՀՀ-ում այլընտրանքային ծառայության նոր ինստիտուտի ներդրումը: Մասնավորապես, Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2011թ. վճռում խախտում էր ճանաչվել այն, որ ՀՀ-ն չի նախատեսում զինվորական ծառայությունից բացառություն այն անձանց համար, ովքեր կրոնական համոզմունքների պատճառով չեն կարող ծառայել զինված ուժերում: Այդ վճռի հիման վրա, ՀՀ-ում նախատեսվեց զինվորական ծառայությունից դուրս այլընտրանքային ծառայության հնարավորություն այն նշված կատեգորիայի անձանց համար: Բացի այդ, Հայաստանում ստեղծվել և գործում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով: Եվրոպական դատարանի այս վճռով սահմանված պահանջների կատարման գնահատման արդյունքում ԵԽ նախարարների կոմիտեի Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության ստորաբաժանման կողմից այդ գործն այս տարի փակվեց:

Այս ամենով հանդերձ, ուշագրավ են տվյալները Եվրոպական դատարանի դատական իրավազորությունն ընդունելուց ի վեր Հայաստանի դեմ ներկայացված գանգատների և դրանց կապակցությամբ կայացված վճիռների վերաբերյալ: Մասնավորապես, Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն ՝ 2002 թվականից 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան է ներկայացվել ավելի, քան 2000 գանգատ:

2015 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 57 վճիռ:

Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Եվրոպական դատարանի ընդունած վճիռներով դիմումատուների կողմից 2015 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ ներկայացվել է ընդհանուր շուրջ 15 միլիոն եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 806 հազար եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5,4%-ը։ Բավարարված գումարից 306,000 եվրոն, այսինքն` բավարարված ընդհանուր գումարի շուրջ 38%-ը, վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ընդգծել, որ բոլորիս համատեղ ջանքերով է միայն հնարավոր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարդ խնդրի իրացումը և Եվրոպական դատարանի իրավական չափանիշների ներդրումը: Շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ համագործակցության և այս կայքի շնորհանդեսի միջոցառմանը Ձեր ակտիվ մասնակցության համար:

 

———————————————————

Աղբյուրը` http://prosecutor.am/am/news/6342/

Մուտք

Չունե՞ք հաշիվ: