Վատ վերաբերմունքի կանխարգելման ծրագրի ողջույնի խոսք

Ողջունում եմ Ձեզ այս կարևոր միջոցառմանը և շնորհակալությունս եմ հայտնում Եվրամիությանն ու Եվրախորհրդին՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելմանն ուղղված ծրագրի մեկնարկի համար: Այս ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է էլ ավելի ամրապնդելու մեր հասարակությունում մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի ֆիզիկական կամ հոգեկան բռնությունից:

Հանրահայտ փաստ է, որ միջազգային իրավական պրակտիկայում խոշտանգումների և, ընդհանրապես, վատ վերաբերմունքի արգելքն ունի բացարձակ բնույթ և այս կանոնից թույլատրված չէ որևէ բացառություն: Ելնելով համընդհանուր այս արգելքից՝ միջազգային տարբեր կազմակերպություններ, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն մշակել են իրավական դիրքորոշումների մի ամբողջ համակարգ, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունն այդ չարիքից, ինչպես նաև այդ հանցանքը կատարածների քրեական պատասխանատվության անվերապահ ենթարկելը:

Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից է, որ ամենաբարձր՝ Սահմանադրության մակարդակով արգելել է խոշտանգումը կամ դրա որևէ դրսևորում:  Խոշտանգման բացարձակ արգելքներ սահմանված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և մի շարք այլ օրենսդրական ակտերում:

Խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում կարևոր նշանակություն ունեցան ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվեց ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին:

Իհարկե, ցանկացած օրենսդրական բարեփոխում դատապարտված է անհաջողության, եթե չի ապահովվում բարեփոխված օրենսդրական դրույթների լիարժեք և ճիշտ կիրառությունն իրական կյանքում: Այդ իսկ պատճառով մեր երկրում պետք է որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը  կապահովի վատ վերաբերմունքի տարբեր ձևերի արգելքի պրակտիկ և իրական կիրառությունը:

Այս առումով, խոշտանգումների դեպքերի հետագա բացառման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի խոշտանգման դեպքերի հայտնաբերումը և դրանց կապակցությամբ արդյունավետ քննության իրականացումը: Պետության պոզիտիվ պարտականությունների շրջանակներում այստեղ հատկապես պետք է ապահովել ընթացակարգային ճիշտ մոտեցումների որդեգրումը: Գործնական լիարժեք կիրառության ճանապարհով անհրաժեշտ է հասնել այնպիսի իրավիճակի, որ անձի նկատմամբ բռնություն գործադրած ցանկացած պաշտոնատար անձ գիտակցի, որ նման ցանկացած վարքագիծ ենթակա է խիստ պատժի և պատասխանատվության: Պաշտոնատար անձինք պետք է գիտակցեն, որ խոշտանգման կամ այլ բռնության դեպքերը պետության իրավասու մարմիններն արարձագանք չեն թողնում: Այս համատեքստում պետք է հնարավորինս խթանել նաև խոշտանգումների դեպքերի նկատմամբ հանրային անհանդուրժողականությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Նշածս խնդրի լուծմանը նպաստում է մեր երկրում առկա ինստիտուցիոնալ այն լուծումը, որը նախատեսում է հատուկ մասնագիտացվող քննչական մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից այդ գործերի քննության մեխանիզմ: Դրա հետ միասին, ինչպես պահանջում են եվրոպական չափանիշները, խոշտանգման բոլոր գործերի օրինականության նկատմամբ, պետք է իրականացվի դատախազական պատշաճ հսկողություն: Ընդ որում, պետք է խստորեն հաշվի առնել ենթադրյալ տուժողի շահերը:

Այս համատեքստում առանձնակի կարևոր եմ համարում համապատասխան քննիչների, դատախազների և դատավորների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, դատավարության այդ մասնակիցների համար համապատասխան ձեռնարկների պատրաստումը: Կարելի է նաև քննարկել համապատասխան խորհրդակցությունների իրականացումը միջազգային փորձագետների հետ՝ կապված խոշտանգումների դեմ պայքարի քաղաքականությունը միջազգային փորձին համահունչ տանելու հետ:

Այս խնդիրների լուծմանը մեծապես կօգնի այսօր պաշտոնապես մեկնարկող՝  խոշտանգումների և, ընդհանրապես, վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված այս ծրագիրը: Ես համոզված եմ, որ այն իր մեջ պարունակող միջոցառումների ծրագրի և առանձին գործողությունների իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ, միմյանց լրացնող համագործակցություն խոշտանգումների դեմ պայքարի համար պատասխանատու մարմինների միջև: Կարևոր եմ համարում, որպեսզի ծրագիրը հնարավորություն ընձեռի ռեալ արդյունքների հասնել հնարավորինս քիչ ռեսուրսներ գործադրելով:

Այսպիսով, շնորհավորում եմ այս ծրագրի մեկնարկը: Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության դրական ավանդույթները՝ կարծում եմ ծրագիրը կարող է նպաստել մեր երկրում խոշտանգումների դեմ պայքարի կատարելագործմանը:

 

 

—————————————————————

Աղբյուրը` http://prosecutor.am/am/news/6344/

Մուտք

Չունե՞ք հաշիվ: