ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության գործառույթների ընդհանուր նկարագիրը
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն՝ ի դեմս միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության (այսուհետ՝ «Վարչություն»), իր գործառույթների շրջանակներում ներկայացնում է ՀՀ շահերը միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժների, ինչպես նաև օտարերկրյա դատարաններում ընթացող դատական վարույթների շրջանակներում։
Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մասնակցությամբ միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում գտնվող վեճերի շրջանակներում իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում`
- իրականացնում և համակարգում է ՀՀ շահերի պաշտպանության աշխատանքները ինչպես ինքնուրույն, այնպես և ըստ անհրաժեշտության ներգրավելով միջազգային իրավախորհրդատուների և(կամ) իրավաբանական գրասենյակների, փորձագետների, համակարգում է վերջիններիս հետ աշխատանքները,
- իրականացնում է յուրաքանչյուր գործի շրջանակում փաստաթղթերի հավաքագրման գործառույթներ,
- համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
- վերահսկում և իրականացնում է վեճերի լուծման գործընթացը բանակցությունների կամ հաշտարարության եղանակով,
- ապահովում է ՀՀ մասնակցությունը միջազգային իրավունքի առնչությամբ միջազգային համաժողովներում և աշխատանքային խմբերում,
- իրականացնում է մի շարք ամենօրյա գործառույթներ։
Ներկայումս վարչությունը վեճերի շրջանակներում իրականացնում է ՀՀ շահերի պաշտպանության համակարգման աշխատանքները թվով ընդհանուր 6 միջազգային արբիտրաժային և դատական գործերով:
Միջազգային արբիտրաժային և օտարերկրյա դատարանների վարույթներում գտնվող գործերի հակիրճ նկարագիրը
ՀՀ մասնակցությամբ միջազգային արբիտրաժային գործերով առկա են.
- երեք ընթացիկ ներդրող-պետություն արբիտրաժային գործ,
- չորս ավարտված ներդրող-պետություն արբիտրաժային գործ,
- մեկ ընթացիկ և երկու ավարտված չեղարկման վարույթ,
- երկու ընթացիկ առևտրային արբիտրաժային գործ:
ՀՀ մասնակցությամբ օտարերկրյա դատարաններում առկա են երկու ընթացիկ դատական գործեր: