Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործ

Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող հայատյացության և էթնիկ խտրականության քաղաքականության հետևանքով Հայաստանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (այսուհետ՝ Կոնվենցիա) շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Արդարադատության միջազգային դատարան (այսուհետ՝ Դատարան) հայց ներկայացրեց ընդդեմ Ադրբեջանի, միաժամանակ ներկայացնելով նաև ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին միջնորդություն։

2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Դատարանը բավարարեց Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին միջնորդության պահանջների մեծ մասը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝

  • պաշտպանել պահվող անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից,
  • կանխել ազգությամբ էթնիկ հայերի և դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրման և խթանումը՝ այդ թվում պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից,
  • կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները,
  • զերծ մնալ քննվող վեճը սրելուց կամ երկարաձգելուց։

2022 թվականի ընթացքում իրականցվել են Դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ կիրառված ժամանակավոր միջոցների Ադրբեջանի կողմից պահպանման մշտադիտարկում և Դատարանին ուղղված տասնյակ նամակներում հանգամանալից կերպով ներկայացվել են Ադրբեջանի թույլ տրված լուրջ խախտումները վկայակոչող փաստեր և ապացույցներ։

Պարբերաբար նաև միջազգային գործընկերներին և միջազգային կազմակերպություններին է ներկայացվել Ադրբեջանում տիրող համակարգային բնույթ կրող հակահայկական ատելության և ռասայական խտրականության մթնոլորտի և Ադրբեջանի կողմղից կատարվող այլ խախտումների մասին։

2022 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Դատարանը Հայաստանին ժամանակ հատկացրեց մինչև 2023 թվականի հունվարի 23-ը իր ամբողջական հայցադիմումը ներկայացնելու համար։

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացված լայնածավալ ագրեսիայից հետևանքով Հայաստանի կողմից Դատարան ներկայացվեց միջնորդություն՝ Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության վերաբերյալ։ Դատարանին տեղեկացվեցին նաև Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման լուրջ խախտումների մասին։

2022 թվականի հոկտեմբերի 12-ին Դատարանը կայացրեց որոշում,  որով վերահաստատեց, որ Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Դատարան ներկայացվեց ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին նոր միջնորդություն` խնդրելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը։

2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանը Դատարան ներկայացրեց 750 էջի հասնող և շուրջ 6000 էջ ապացույց պարունակող ամբողջական միջպետական գանգատը:

2023թ. փետրվարի 22-ին Դատարանը հրապարակեց իր որոշումը, որով բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին հիմնական պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործ

 

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի կողմից Կոնվենցիայի շրջանակներում ընդդեմ Ադրբեջանի Դատարան հայց և ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց մեկ շաբաթ անց Ադրբեջանը Կոնվենցիայի շրջանակներում հայելային հայց ներկայացրեց ընդդեմ Հայաստանի, միաժամանակ ներկայացնելով նաև ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին միջնորդություն։

2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Դատարանը մերժեց Ադրբեջանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին միջնորդության պահանջների մեծ մասը։

Դատարանը պարտավորեցրեց Հայաստանին ՝

  • ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ և էթնիկ ադրբեջանցիների դեմ ուղղված ռասայական ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների կողմից,
  • զերծ մնալ քննվող վեճը սրելուց կամ երկարաձգելուց։

2022 թվականին իրականացվել են Ադրբեջանի կողմից Դատարան ներկայցրած Հայաստանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ի Դատարանի որոշման ենթադրյալ խախտումների մասին նամակների պատասխանների մշակում և ներկայացում Դատարանին։

2023թ. փետրվարի 22-ին Դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի՝ հրատապ միջոց կիրառելու պահանջը, որով վերջինս խնդրել էր պարտավորեցնել Հայաստանին ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ականզերծման աշխատանքներին օժանդակելու համար, ինչպես նաև ձեռնպահ մնալ նոր ակկաններ տեղադրելուց:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: