ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունն ակտիվորեն ներգրավված է նաև ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (նաև` UNCITRAL) աշխատանքային խմբերում, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի արդիականացման բանակցությունների ընթացքում:

Ա) Ներգրավվածություն ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերում

 ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2022 մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությանը շնորհել է UNCITRAL-ի անդամի կարգավիճակ՝ 2022 թվականի հունիսի 27-ից ի վեր 6 տարի ժամկետով: Անդամության կարգավիճակն, ի թիվս այլնի, պայմանավորված է եղել տարբեր աշխատանքային խմբերում Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավվածությամբ:

Վարչությունը ստեղծման օրվանից ապահովել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը UNCITRAL-ի ներդրող-պետություն վեճերի լուծման հետ կապված բարեփոխումներով զբաղվող 3-րդ աշխատանքային խմբի շրջանակներում: 2019 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով հանդիպումներն անցկացվել են առցանց ձևաչափով, այնուհետ Վարչության աշխատակիցները առկա ձևաչափով մասնակցել են Վիեննայում ու Նյու Յորքում կայացած հանդիպումներին, ելույթներ ունեցել ու ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները քննարկվող թեմաների առնչությամբ:

Վարչությունը նաև մասնակցում է վեճերի կարգավորման թեմայով UNCITRAL-ի 2-րդ աշխատանքային խմբի քննարկումներին, որոնք վերջին տարիներին մասնավորապես վերաբերել են տեխնոլոգիաների առնչությամբ վեճերի կարգավորմանն ու վճիռներին, ինչպես նաև թվային տնտեսության շրջանակներում իրավական խնդիրներին և դրանց կարգավորմանը։

2022 թվականի սեպտեմբերից Վարչության աշխատակիցները հանդես են գալիս նաև որպես փորձագետներ UNCIRAL CLOUT (Case Law on UNCITRAL texts) համակարգի աշխատանքներին, ինչպես նաև ներգրավված են ղեկավար կոմիտեի կազմում: Աշխատանքների նպատակը UNCITRAL-ի շրջանակներում ընդունված իրավական տեքստերի վերաբերյալ տարբեր երկրների դատարանների մեկնաբանությունների հավաքագրումն ու մշակումն է ու դրանց հիման վրա միասնական համակարգի ձևավորումը: Այս ծրագրի շրջանակներում ներկայացվել է վեց հոդված, որոնց տպագրումը UNCITRAL CLOUT համակարգում ակնկալվում է 2023 թվականին։

UNCITRAL-ի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով:

UNCITRAL-ի 3-րդ աշխատանքային խմբի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված դիրքորոշումները հասանելի են.

  1. Միջազգային ներդրումային վեճերի շրջանակներում վեճը լուծող անձանց բարեվարքության կանոնագրքի թեմայով՝ հետևյալ հղումով,
  2. Հաշտարարության և վեճերի այլընտրանքային լուծման այլ եղանակների թեմայով՝ հետևյալ հղումով:

         

Բ) Էներգետիկ խարտիայի պայմանագրի արդիականացման բանակցություններ

 Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը էներգետիկ ոլորտում միջազգային ներդրումների պաշտպանությանը և խթանմանն ուղղված բազմակողմ համաձայնագիր է, որին անդամակցում են 53 Պայմանավորվող կողմեր: Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994 թվականին:

Պայմանագրի արդիականացման շուրջ բանակցությունների ընթացքում Վարչությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներդրումների պաշտպանության ու վեճերի լուծման թեմաներով և ապահովել հօգուտ Հայաստանի որոշումների կայացումը: 

Բանակցությունների արդյունքում Պայմանավորվող կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն, որը 2022 թվականի հունիսի 24-ին հաստատվել է Էներգետիկ խարտիայի համաժողովի ad hoc հանդիպման շրջանակներում: Փոփոխություններով նախատեսվում են էներգետիկ ոլորտում միջազգային ներդրումների պաշտպանությանն ուղղված բարեփոխված ու ժամանակակից կարգավորումներ՝ միաժամանակ ընդգծելով պետությունների՝ կարգավորիչ գործառույթ իրականացնելու ազատությունը: Պայմանագրի արդիականացված տարբերակը նաև պարունակում է կլիմայի փոփոխությանը վերաբերող դրույթներ՝ այն համադրելով կլիմայի մասին փարիզյան համաձայնագրին: Էներգետիկ Խարտիայի համաժողովի՝ արդիականցված Պայմանագրի հաստատման վերաբերյալ դիրքորոշումն ակնկալվում է 2023 թվականին:  

Միջազգային Էներգետիկ Խարտիայի գործունեության, այդ թվում՝ արդիականացման աշխատանքների մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: