ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արագ կատարումն ապահովելու նպատակով արդյունավետ ներպետական հնարավորությունների ստեղծման կարևորությունը՝ Ներկայացուցչին՝ որպես ազգայաին մակարդակում կատարման գործընթացի համակարգողի, վերապահվել են հետևյալ լիազորությունները.

  • համակարգել և հաղորդակցվել ազգային մակարդակում վճռի կատարման անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար պատասխանատո անձանց կամ մարմինների հետ,
  • ապահովել համապատասխան տեղեկատվության վերաբերյալ արդյունավետ երկխոսություն, ինչպես նաև այդ տեղեկատվության տարածումն ու փոխանցումը, ներառյալ Նախարարների կոմիտեի հետ համատեղ վճիռների կատարման համար մշակված ռազմավարություններն ու ռազմավարական զեկույցները,
  • սահմանել ներպետական մեխանիզմներ Դատարանի վճիռների ժամանակին և արդյունավետ կատարման համար,
  • ապահովել բոլոր մակարդակներում անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը:

Այս կապակցությամբ, Ներկայացուցիչի համար ուղղորդող նշանակություն ունեն կատարման գործընթացին վերաբերող Նախարարների կոմիտեի կողմից անդամ-պետություններին ուղղված մի շարք հանձնարարկաններ, որոնք, մասնավորապես,  վերաբերում են Դատարանի վճիռների արագ կատարումն ապահովող ներպետական արդյունավետ հնարավորություններին (Հանձնարարական CM/Rec(2008)2), ձեռնարկվող ներպետական միջոցառումների բարելավմանը (Հանձնարարական CM/Rec(2004)6), գործող օրենքների վերաբերյալ մշակվող նախագծերի և Կոնվենցիայի հիմքում ընկած չափանիշների համապատասխանության ապահովմանը, (Հանձնարարական CM/Rec (2004)5), ի կատարումն ՄԻԵԴ վճիռների ներպետական մակարդակում որոշ գործերի վերաբացմանն ու վերաքննմանը (Հանձնարարական CM/Rec (2000)2), կրթական և մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությանը (Հանձնարարական CM/Rec (2004)4), անդամ-պետություններում ՄԻԵԴ նախադեպային իրավունքի հրապարակմանն ու տարածմանը (Հանձնարարական CM/Rec (2002)13:

Որպես կատարման գործընթացի կազմակերպման հիմնական պատասխանատու` Ներկայացուցչի նպատակը ոչ միայն վճիռների կատարման ապահովումը, այլև ՄԻԵԿ-ից և այլ կոնվենցիաներից բխող մարդու իրավունքների չափանիշների փորձաքննության ոլորտում կենտրոնական դեր ունենալն է: Նա իրականացնում է համապատասխան բոլոր շահագրգիռ մարմինների հետ խորհրդակցության ակտիվ քաղաքականություն, որն, ի թիվս այլոց, ներառում է մարդու իրավունքներին առնչվող նորմերի իմպլեմենտացիայի կանոնավոր մոնիտորինգ և գնահատում, օրենսդրական բացերի վերլուծություն, ՄԻԵԴ համակարգի վերաբերյալ դասընթացների և իրազեկման բարձրացման կազմակերպում: Այս նպատակով Ներկայացուցիչը ստեղծում  է պատշաճ ներքին կառուցվածքներ ապահովելու համար մարդու իրավունքների համապատասխան ազգային կառույցների, խորհրդարանական հանձնաժողովների, պետական հաստատությունների, ինչպես նաև միջազգային մարմինների համագործակցությունը և կանոնավոր երկխոսությունը:

Կատարման գործընթացի հիմնական բաղադրիչներից մեկը օրենսդրական նախագծերի Կոնվենցիոն չափանիշներին համապատասխանության համակարգված ստուգումն է, որը կարող է օգնել խուսափել հետագա խախտումներից և ազդել վճիռների կատարման վրա: Խորհրդարանական վեհաժողովի բանաձևերի (օրինակ՝ Բանաձև 1823 (2011)) արդյունավետ իմպլեմենտացիայի համար  համապատասխան օրենսդրական նախագծերի հետևողական և մանրամասն քննարկումները անցկացվում են Ազգային ժողովում: Սա կարող է համարվել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանության մոնիթորինգի և վերահսկման արդյունավետ մեխանիզմ:

Մարդու իրավունքների ազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կատարման գործընթացի շրջանակներում վերջիններիս իրավական բարեփոխումներին հետևելու հնարավորության ապահովման նպատակով պարբերաբար կազմակերպվում են նաև օրենքների նախագծերի հանրային քննարկումներ համապատասխան զգալի փորձ ունեցող կայուն ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Հաշվի առնելով Կոնվենցիայով ամրագրված և ազգային մարմինների կողմից կիրառված իրավունքների և ազատությունների երաշխավորման կարևորությունը առաջին հերթին ազգային մակարդակում՝ իրավակիրառ մարմիններին շարունակական աջակցություն է ցուցաբերվում մասնագիտական վերապատրաստումներ և գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելու միջոցով՝ նպատակ ունենալով պատրաստել համապատասխան ոլորտներում պատշաճ պատրաստվածություն և որակավորում ունեցող թիմ:

Կրթությունն ու վերապատրաստումները Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ ընդհանրապես, իսկ Հայաստանի դեմ կայացված վճիռների վերաբերյալ մասնավորապես դատավորներին, դատախազներին, ոստիկանությանը, քրեակատարողական հիմնարկների և կալանավայրերի աշխատակազմերին, քաղաքացիական ծառայողներին, փաստաբաններին ներկայացվող հիմնական կրթական ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում:

Ներկայում, Արդարադատության ակադեմիայի, Ոստիկանության ակադեմիայի, ինչպես նաև Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի համապատասխան կրթական ծրագրերը ներառում են Կոնվենցիային և Դատարանի նախադեպային իրավունքին առնչվող հատուկ վերապատրաստման դասընթացներ: Համագործակցության շրջանակներում Ներկայացուցչի աշխատակազմի անդամներն ակտիվորեն ներգրավված են գիտական գործունեությանը՝ վերոնշյալ հաստատություններում կազմակերպելով նպատակային դասընթացներ և վերապատրաստումներ:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: