Հունիսի 6-ին և 7-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությանը երրորդ կողմ ներգրավելուն, պետության կողմից միակողմանի հայտարարություն անելուն, ինչպես նաև բարեկամական կարգավորմանը նվիրված աշխատաժողով։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական դատարանի վճիռների կատարման կապակցությամբ Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կարողությունների ամրապնդման շրջանակներում։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը։ Խոսելով օրակարգային թեմաների մասին՝ փոխնախարարը կարևորել է վերը հիշատակված ինստիտուտները և նշել, որ դրանց սխալ կիրառությունը կարող է հանգեցնել պետության կողմից իր պարտավորությունների խախտման: Այս իմաստով քննարկվել են նաև կոնկրետ նախադեպեր։ Ըստ Արման Թաթոյանի՝ ներկայում Եվրոպայի խորհրդի մասնագիտացված կազմակերպություններում քննարկվում է այնպիսի նոր մեխանիզմների ներդրման հարցը, որոնք կխրախուսեն պետությունների կողմից, օրինակ, բարեկամական կարգավորման ճանապարհով խնդիրները լուծելու պրակտիկան։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում հիմնական զեկուցումներով հանդես են եկել Եվրոպական դատարանի իրավաբանները, ովքեր ներկայացրել են երրորդ կողմի, բարեկամական կարգավորման, ինչպես նաև միակողմանի հայտարարության կոնվենցիոն ինստիտուտները և դրանց վերաբերյալ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները։ Քննարկվել են կոնկրետ խնդիրներ։
Աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ, Եվրոպական դատարանի իրավաբան Էնիդա Տուրկուսիչը, ԵԽ միջազգային փորձագետ Անա-Մարիա Տելբիսը։ Միջոցառման մասնակիցներ են եղել նաև Արդարադատության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի, Արդարադատության ակադեմիայի, Դատական դեպարտամենտի, Փաստաբանական պալատի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեմինարն իրականացվել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում։