ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնը հյուրընկալելու վերաբերյալ պատրաստակամություն հայտնելով՝ Հայաստանը կարևոր քայլ է կատարում՝ դառնալու միջազգային իրավունքի զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Խորհրդատվական կենտրոնի նպատակն է աջակցել պետություններին՝ հատկապես զարգացող և թույլ զարգացած երկրներին, ներդրումային վեճերի առավել արդյունավետ կառավարման և լուծման հարցում։
Խորհրդատվական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել և մշակվում է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ներդրող-պետություն վեճերի լուծման բարեփոխումներով զբաղվող երրորդ աշխատանքային խմբի շրջանակներում, որտեղ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ արտաքին գործերի նախարարության։
Խորհրդատվական կենտրոնի տեղակայումը Հայաստանում հնարավորություն կտա դառնալ միջազգային իրավական համագործակցության կարևոր հարթակ՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին, խթանելով տարածաշրջանային գործընկերությունը և ապահովելով տնտեսական զարգացման նոր հնարավորություններ։ Հայաստանի առանձնահատուկ աշխարհագրական դիրքը և դիվանագիտական լայն կապերը ևս նպաստում են այս նպատակներին։
Որպես այս նախաձեռնության հանձնառության վկայություն՝ Հայաստանը 2025 թվականի մայիսի 6-8-ը Երևանում հյուրընկալ է Խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպումը՝ համախմբելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու Կենտրոնի կառուցվածքը և գործունեությունը։ Հարկ է նկատել, որ Խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված առաջին աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել 2024թ․ դեկտեմբերին Թաիլանդում, որը, ի թիվս այլ երկրների, ևս Կենտրոնը հյուրընկալելու ցանկություն է հայտնել։
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն մասնակցել UNCITRAL-ի բարեփոխումների գործընթացին` միաժամանակ աջակցելով այն նախաձեռնություններին, որոնք միտված են միջազգային ներդրումային վեճերի լուծման համակարգում թափանցիկության, արդարության և ներգրավվածության խթանմանը: