2015 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նշված հարցը քննարկելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ էր նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:
Ստորագրված լինելով 2013 թվականի հունիսի 24-ին՝ Արձանագրությունը նախատեսում է փոփոխություններ, որոնց նպատակն է բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետությունը: Արձանագրությամբ նախատեսված հիմնական փոփոխությունները, մասնավորապես, հետևյալն են.
1․ Կոնվենցիայի նախաբանը լրացվում է սուբսիդիարության և պետության հայեցողության իրավունքի սկզբունքները վկայակոչող դրույթով՝ նպատակ հետապնդելով հզորացնել Կոնվենցիայի համակարգի թափանցիկությունն ու հասանելիությունը:
2. Դատավորի թեկնածուների համար առավելագույն տարիք է սահմանվում 65 տարեկանը՝ այն օրվա դրությամբ, երբ Խորհրդարանական վեհաժողովը անդամ պետությունից պահանջել է երեք թեկնածուների ցուցակը։ Այս փոփոխության նպատակն է հնարավորություն ընձեռել բարձր որակավորում ունեցող դատավորներին պաշտոնավարել լիարժեք 9 տարի և, այդպիսով, ամրապնդել Եվրոպական դատարանի արդյունավետության տևական բնույթը։
3. Կոնվենցիայի համաձայն՝ եթե Պալատի վարույթում գտնվող գործը Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների մեկնաբանման առումով խնդրահարույց է կամ եթե Պալատում քննվող հարցի լուծումը կարող է հակասել Եվրոպական դատարանի ավելի վաղ կայացրած վճռին, Պալատը կարող է, մինչև վճիռ կայացնելը, ցանկացած ժամանակ ընդդատությունը զիջել Մեծ պալատին, եթե կողմերից ոչ մեկը չի առարկում: Արձանագրությամբ Պալատը հնարավորություն կունենա ընդդատությունը զիջել՝ անկախ կողմերի առարկելու հանգամանքից: Այս փոփոխությունը չի կիրառվի որևէ քննվող գործի նկատմամբ, եթե կողմերից որևէ մեկը մինչև Արձանագրության ուժի մեջ մտնելն առարկել է Մեծ պալատի օգտին գործի քննությունը զիջելու Պալատի որոշմանը։
4. Նախատեսվում է, որ գանգատը Եվրոպական դատարան պետք է ներկայացնել ներպետական վերջնական որոշման կայացման օրվանից հետո 4 ամսվա ընթացքում՝ ներկայում գործող 6 ամսվա փոխարեն։ Այս փոփոխությունը կգործի Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո, սակայն չի կիրառվի այն գանգատների նկատմամբ, որոնցով ներպետական վերջնական որոշումը կայացվել է մինչև Արձանագրության ուժի մեջ մտնելը: Այս փոփոխությամբ փորձ է արվում թեթևացնել վերջին ժամանակաշրջանում Եվրոպական դատարանի աշխատանքի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված Դատարան մուտքագրվող գանգատների մեծ քանակով:
5. Եվրոպական դատարանին վերապահվում է էական վնաս կրած չլինելու հիմքով անհատական գանգատն անընդունելի համարելու իրավունք՝ անկախ ներպետական դատական ատյանում գործը պատշաճ կարգով քննված լինելու փաստից։
Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո՝ հաշվի առնելով Արձանագրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելու վերոնշյալ պայմանները:
Մինչ այժմ Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններից Արձանագրությունը ստորագրել է 41 պետություն, որից այս պահի դրությամբ վավերացրել է 23-ը։ Արձանագրությունը, Հայաստանից բացի, դեռ չեն վավերացրել նաև Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիան, Թուրքիան և Ուկրաինան։
Եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրության անգլերեն տեքստը և հայերեն թարգմանությունը:
Սահմանադրական դատարանի որոշումը այս հղումով: