2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը գլխավորել է Միջազգային իրավական գործերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի եւ բնական միջավայրի պահպանությանառնչությամբ, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձանժողովի հետ իր սերտ համագործակցության եղանակով:
Մինչդեռ Ադրբեջանը կարծես հավատարիմ է իր՝ այսպես կոչված «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը: Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային եւ ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները: Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաեւ վտանգված են Ադրբեջանի անդադար քանդնման եւ շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված է կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք:
Հայաստանը հետամուտ է լինելու այս արբիտրաժային վարույթի շրջանակներում իր դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը՝ վիճարկելով Ադրբեջանի անհիմն պնդումները, իսկ վարույթի համապատասխան փուլում ներկայացնելով իր իսկ պահանջները Ադրբեջանի դեմ վերջինիս բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտման առնչությամբ: