Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքի շնորհանդեսը

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Կայքի ստեղծման հիմնական նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ Բրյուսելի հռչակագրի հիման վրա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որդեգրած նոր սկզբունքներին համահունչ:

Նման նոր մոտեցումների ընդունումը պայմանավորված է նրանով, որ Եվրոպայի խորհրդի առջև ծառացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման մարտահրավերը: Այս հիմնարար խնդրի հաջող իրագործումը կախված է մի շարք հիմնարար պահանջների իրացումից: Մասնավորապես, կարևորվում է  Եվրոպական դատարանում պետությունների կառավարությունների ներկայացուցիչների կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում խորհրդարանի, դատարանների, պետական մյուս մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ նպատակային ու ինստիտուցիոնալ համագործակցության հաստատումը: Այդ առումով, ներկայացուցչի կայքն առաջինն է Եվրոպայի խորհրդի տարածքում և կլինի հենց այն կարևոր գործիքներից մեկը, որի շնորհիվ մեր քաղաքացիների համար մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը կդառնան առավել հասանելի, իսկ դրանցով նախատեսված իրավական պաշտպանության մեխանիզմները՝ մատչելի: Սա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրմանը: Այդ կերպ, կբարձրանա նաև նպատակային և ինստիտուցիոնալ համագործակցության մակարդակը վճիռների կատարման հարցում:

Կայքի շնորհանդեսին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հրամանով տեղի ունեցան պարգևատրումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի զարգացման հարցում ներդրած ավանդի և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը պարգևատրվեց հուշանվերով՝ ՀՀ գլխավոր դատախազի անվանական ժամացույցով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի պետ Աննա Շահնազարյանը և նույն բաժնի փորձագետ Շահանե Հակոբյանը պարգևատրվեցին «Համագործակցության համար» մեդալով:

Քրեական և վարչական գործերով բաժնի պետ Դիանա Ղուկեյանը և Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Աննա Գևորգյանը պարգևատրվեցին հուշանվերներով:

Շնորհակալագրով պարգևատրվեցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական Սերգեյ Ղազինյանը և «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փորձագետ Անահիտ Հարությունյանը:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: