2018թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը հանդիպել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի տեղակալ Աննա Շահնազարյանը և ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը, ՊՆ-ի կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումները և առկա խնդիրների հաղթահարման ու խախտումների կանխարգելման հեռանկարները:
Վճիռների պատշաճ կատարման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկությունների մասով քննարկումներ կազմակերպելու ՊՆ նախաձեռնությանը: Ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ իրագործման նպատակով կողմերը համաձայնել են շարունակել ինչպես այս ձևաչափով, այնպես էլ շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումները: