Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Կոմիտեի կազմով, հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 46245/08) վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատազրկում. օրինական ձերբակալում կամ կալանք) և 5–րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում:
Դիմումատուն պնդել է, որ իր կալանավորումը 2008 թվականի մայիսի 1-ից 13-ը հիմնված չի եղել դատարանի որոշման վրա, ինչպես նախատեսված է օրենքով, հետևաբար եղել է անօրինական: Ավելին, ներպետական դատարաններն իր կալանավորումը հիմնավորելու համար չեն ներկայացրել բավարար և հիմնավոր պատճառներ:
Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի կալանավորումը հիմնված չի եղել դատարանի որոշման վրա: Ավելին, ներպետական դատարանները դիմումատուի շարունակական կալանավորումը հիմնավորել են պարզապես վկայակոչելով ներպետական իրավական կարգավորումները և հղում կատարելով հանցանքի ծանրությանը՝ առանց հաշվի առնելու գործի փաստական հանգամանքները կամ առանց մանրամասնելու, թե ինչու բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմաումատուն քրեական վարույթն իրականացնող մարմնից կթաքնվի, գործի քննությանը կխոչընդոտի կամ քրեական օրենքով չթույլատրված արարք կկատարի:
Դիմումատուն պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 4 500 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: