ՄԻԵԴ-ը հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի»  գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) երաշխավորված նյութական և դատավարական իրավունքների խախտում:

Գործը վերաբերում է ոստիկանների կողմից դիմումատուի եղբորը կյանքից զրկելուն, ով հոգեկան առողջութան հետ կապված խնդիրներ է ունեցել: Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա` դիմումատուն բողոքել է, որ ոստիկանների կողմից հանրության համար վտանգավոր արարքները կանխելու նպատակով իր եղբոր նկատմամբ կիրառված ուժը եղել է անհամաչափ, որի արդյունքում վերջինս մահացել է: Գործողության մեջ ներգրավված ոստիկանական ծառայողները եղել են վատ պատրաստված և վատ հանդերձավորված, բացի այդ դիմումատուն նաև պնդել է, որ իշխանությունների կողմից իրականացված քննությունը եղել է ոչ արդյունավետ:

Հաշվի առնելով վերոհիշյալ նկատառումները, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ իշխանությունները չեն կատարել կյանքի կորստի վտանգը նվազագույնի հասցնելու իրենց պարտավորությունը: Մասնավորապես, Դատարանը նաև արձանագրել է, որ ոստիկանական գործողությունների  պլանավորման և դրա նկատմամբ վերահսկողության ժամանակ պատշաճ ուշադրության չի արժանացվել կյանքի իրավունքի գերակայության հարցը, հետևաբար տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում ` ոստիկանական գործողությունների պլանավորման և վերահսկողության մասով: Դատարանը նաև նշել է, որ իշխանությունները չեն ապահովել գործի հանգամանքների հաստատման համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցների ժամանակին, պատշաճ և օբյեկտիվ կերպով հավաքվելը և գնահատվելը, ինչի արդյունքում արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական իրավունքի խախտում:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել  է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 15,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: