2018 թվականի հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Կոմիտեի 3 դատավորներից բաղկացած կազմով, հրապարակել է «Ֆիդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 62904/12) վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդարադատության մատչելիության իրավունք) և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականությունից անարգել օգտվելու իրավունք) խախտում:
Գործը վերաբերում է դիմամումատուի օգտին կայացված ՀՀ վարչական դատարանի դատական ակտի չկատարմանը: Դիմումատուն պնդել է, որ ներպետական մարմինները տարիներ շարունակ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել իր օգտին կյացված վճիռը կատարելու համար, քանի որ դիմումատուն մինչ օրս չի վերականգնվել նախկին պաշտոնում կամ նախկին պաշտոնին համարժեք մեկ այլ պաշտոնում և չի վճարվել մինչեւ իր վերականգնման օրը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ դատական ակտը 2009 թվականի նոյեմբերից՝ ավելի քան 7 տարի և 8 ամիս շարունակում է մասնակի չկատարված մնալ: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ այդ ուշացումը հիմնավորելու համար:
Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 19,065 եվրո, որից 14,165 եվրոն որպես նյութական վնասի փոխհատուցում, 3,600 եվրոն՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում և 1,300 եվրո որպես ծախսերի և ծախքերի հատուցում: