2018 թվականի մարտի 15-ին Եվրոպական դատարանը, հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 17521/09) գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (ներպետական իշխանության առջև արդյունավետ միջոցների իրավունք) և 5-րդ հոդվածի 5-րդ կետի (փոխհատուցման իրավունք) խախտում:
Դիմումատուն պնդել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խոշտանգման և ոչ իրավաչափ կերպով ազատությունից զրկելու դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորություն չի նախատեսում:
Դիմումատուն գանգատվել է՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգման արգելք) ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի, և ներպետական իշխանությունները չեն իրականացրել այդ կապակցությամբ արդյունավետ քննություն:
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի` ներպետական իշխանությունների առջև արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը: Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտմանը, ապա Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության առարկությունները, արձանագրել է, որ դիմումը ներկայացվել է Կոնվենցիայով սահմանված վեցամսյա ժամկետի խախտմամբ:
Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 11,700 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500 եվրո` որպես ծախսերի և ծախքերի հատուցում: