ՄԻԵԴ-ը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը

2019 թվականի հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 16528/10) գործով արդարացի փոխհատուցման վճիռը: Հիշեցնենք, որ գործը վերաբերում է դիմումատուի գույքի օտարմանը, որը տեղի է ունեցել 2000 թվականին սկիզբ առած սեփականության հարկադիր օտարման գործընթացի շրջանակներում, երբ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին:

Գործն ըստ էության լուծող վճիռը

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարանը կայացրել էր գործով  ըստ էության վճիռ, որով արձանագրվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական որոշակիության, դատարանի անկողմնակալության և կողմերի հավասարության երաշխիքների, ինչպես նաև Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտումներ (գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն):

Դիմումատուի արդարացի հատուցման I պահանջը (2011թ.)

Գործի ըստ էության քննության փուլում ներկայացվել էր արդարացի փոխհատուցման նախնական պահանջ 11,441,939 եվրոյի չափով, որից՝  1,048,097.55 եվրո՝ հասարակության և պետության կարիքների համար օտարված տան համար, 12,000 եվրո՝ կրած ոչ նյութական վնասի դիմաց: Դիմումատուն նաև պահանջել էր իրեն վերադարձնել օտարված հողակտորը, նշելով, որ հակառակ դեպքում նա կպահանջի 10,381,842.05 եվրո, որը ըստ դիմումատուի հողակտորի ներկայիս շուկայական արժեքն է: Կառավարությունը պնդել էր, որ պահանջվող փոխհատուցման գումարի չափը չափազանց մեծ է, և ներկայացվել էին համապատասխան հիմնավորումներ: Կառավարությունը նաև նշել էր, որ 54 494 000 ՀՀ դրամի չափով գումար (մոտավորապես 117,743 եվրո) առաջին դիմումատուն արդեն ստացել է ներպետական մակարդակում անցկացված վարույթի ընթացքում:

Եվրոպական դատարանը հետաձգել էր արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ:

Դիմումատուի արդարացի հատուցման II պահանջը (2017թ.)

2017թ. հուլիսի 26-ին դիմումատուն ներկայացրել է արդարացի փոխհատուցման փոփոխված պահանջ՝ ընդհանուր առմամբ 5,231,651 եվրո:

Այսօր հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած 5,231,651 եվրո գումարի չափը և դիմումատուին շնորհել է 1,608,000 եվրո: Մասնավորապես.

Դիմումատուի կողմից ներկայացված պահանջը

Դատարանի կողմից բավարարված պահանջը

Նյութական վնաս՝ 5,225,943.55 եվրո

  1. 2,652,332 եվրո հողակտորի համար
  2. 1,048,097.55 եվրո տան համար
  3. 1,525,514 եվրո բաց թողնված օգուտի համար

 Նյութական վնաս՝ 1,602,000 եվրո

  1. 1,500,000 եվրո հողակտորի համար
  2. 102,000 եվրո տան համար
  3. Բաց թողնված օգուտի պահանջը ամբողջությամբ մերժվել է՝ համարվելով սպեկուլյատիվ

Ծախսեր/ծախքեր՝  5,708եվրո

Ամբողջությամբ մերժվել է՝

 Ոչ նյութական վնաս՝

գումարի չափը թողնվել է Եվրոպական դատարանի հայեցողությանը

 Ոչ նյութական վնաս՝

դատարանը շնորհել է պետության ողմից մատնանշված գումարը՝ 6000 եվրո

Մուտք

Չունե՞ք հաշիվ: