2017թ. նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 27524/09) գործով որոշումը: Դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում:
Դիմումատուն պնդել է, որ իր դստեր մահվան առնչությամբ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն: Դիմումատուի դուստրը հղիության վաղ շրջանում գտնվելիս կորցրել է գիտակցությունը, ընկել ցնցումների մեջ, որից հետո շտապօգնություն է կանչվել, սակայն վերջինս ժամանել է կանչից 40 րոպե անց: Ռելանիումի և մագնեզիումի ներարկումից հետո դիմումատուի աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Գործի քննության արդյունքում Դատարանն արձանագրել է մի շարք ընթացակարգային թերություններ: Մասնավորապես, դիմումատուի դստեր մահվան առնչությամբ քրեական գործ չի հարուցվել: Համապատասխան մարմինը միջոցներ չի ձեռնարկել բժշկի և բուժքրոջ նախնական ցուցմունքների միջև առկա հակասությունները պարզելու համար, միևնույն ժամանակ չի ապահովել դիմումատուի մասնակցությունը քննությանը (դատավարական կարգավիճակ չի տրվել): Ոչ դիահերձմաբ, ոչ էլ հետագա դատաբժշկական փորձաքննություններով չի պարզվել դիմումատուի դստեր մահվան պատճառը: Ավելին, քննություն իրականացնող մարմինը և ներպետական դատարանները միջոցներ չեն ձեռնարկել դիմումատուի դստեր մահվան հանգեցրած ծանր վիճակի առաջացման պատճառները պարզելու համար: Այս պարագայում Եվրոպական դատարանը դիմումատուի դստեր մահվան պատճառների բացահայտմանն ուղղված քննությունը գնահատել է ոչ պատշաճ:
Դատարանը նաև նշել է, որ շտապօգնության անձնակազմը չի տրամադրել պատշաճ բժշկական օգնություն դիմումատուի դստերը: Այնուամենայնիվ, քննություն իրականացնող մարմինները դիմումատուի դստերը տրամադրված շտապօգնության պատշաճության վերաբերյալ կատարել են ոչ ճշգրիտ եզրահանգումներ, որոնք դատարանի կողմից պարզապես հաստատվել են:
Այսպիսով, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական կողմի խախտում և պարտավորեցրել ՀՀ կառավարությանը դիմումատուին վճարել 12.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: