Սույն թվականի մայիսի 12-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի որոնողական համակարգի (HUDOC) հայերեն տարբերակի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Եվրոպական դատարանի գրասենյակի ներկայացուցիչներ, Եվրոպական դատարանում ՀՀ դատավորը, Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման համար ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը և գրասենյակի աշխատակիցները։ Շնորհանդեսը հեռարձակվում էր նաև առցանց հարթակում։ Շնորհանդեսի ընթացքում մանրամասն ներկայացվեցին HUDOC հարթակից հայերեն լեզվով օգտվելու հնարավորությունները։ HUDOC-ում հայերեն թարգմանությամբ հասանելի են շուրջ 900 դատական ակտեր և համառոտագրեր։ Հարթակի հայերեն տարբերակի գործակումը իրականացվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։
Հաջորդիվ Միջգերատեսչական հանձնաժողովի բարձրաստիճան անդամները հանդիպեցին ԵԽ Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների հարցերով նախագահող, Լիխտենշտեյնի դեսպան Դոմենիկ Վանգերի հետ։ Հանդիպմանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առանձնահատկությունները։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հատուկ ընդգծեց ՄԻԵԴ-ի կողմից կիրառվող միջանկյալ միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը հատկապես միջպետական գանգատների քննության համատեքստում։ Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։