Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով:
ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը: Համաժողովին Հայաստանը ներկայացնում էին Արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:
Համաժողովի նպատակն էր վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը: Հայկական պատվիրակությունն իր ելույթում վերահաստատեց Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին: Ներկայացվեց կոնվենցիոն երաշխիքների իրացման և ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը և վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները: Համաժողովի արդյունքում ընդունվեց Բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կհաղորդի 2010թ-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության և ՄԻԵԴ վճիռների կատարման վրա։ Հռչակագիրն ամփոփում է Բրայթոնի համաժողովից հետո կատարված աշխատանքը և վերահաստատում ընդհանուր քաղաքական հանձնառությունը դեպի արդյունավետ կոնվենցիոն համակարգ։
Հռչակագիրը ներառում է նաև գործողությունների ծրագիր, որով ուղենշվում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ձեռնարկվելիք քայլերն ուղղված հռչակագրում տեղ գտած նպատակների իրականացմանը